
Արմինֆո. Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԸՀ-ն։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ դաշինքների մեջ մտնող կուսակցություններն իրավունք չունեն ձևավորել առանձին նախընտրական հիմնադրամ։ Կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամը ձևավորվում է յուրաքանչյուր կոնկրետ կուսակցության կողմից կատարված վճարումներից։
Հիմնադրամները կարող են բացվել հետևյալ բանկերում.
Նախընտրական քարոզարշավի համար հիմնադրամի միջոցներից կատարվող ծախսերի առավելագույն սահմանաչափը կազմում է 800 միլիոն դրամ։ Հիմնադրամի կողմից իրականացվող և հայտարարագրման ենթակա պարտադիր ծախսերին են դասվում՝ զանգվածային լրատվության միջոցներում և համացանցում տեղադրվող նախընտրական քաղաքական գովազդը, սոցիոլոգիական հարցումները, վստահված անձանց ծառայությունների վճարման ծախսերը, քարոզչական պաստառների, տպագիր և այլ նյութերի պատրաստման, տեղադրման ու տարածման ծախսերը, նախընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը, մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը, դահլիճների և տարածքների վարձակալության ծախսերը, տրանսպորտային միջոցների վարձակալության ծախսերը՝ բացառությամբ մինչև 7 նստատեղ ունեցող մեքենաների։
Հայտարարագրման ենթակա չեն նախընտրական շտաբի կոմունալ ծախսերը, տրանսպորտային միջոցների վառելիքի ծախսերը, նախընտրական հավաքների, ընտրողների հետ հանդիպումների և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումների համար նախատեսված տարածքների ու դահլիճների կոմունալ ծախսերը։
Հայտարարագրման ենթակա ծախսերը չնշելը առաջացնում է վարչական տուգանք՝ հիմնադրամի ծախսերում չներառված ծախսերի եռապատիկի չափով։
Սահմանված առավելագույն չափը գերազանցող ծախսեր կատարելը առաջացնում է վարչական տուգանք՝ սահմանված առավելագույն շեմի գերազանցված գումարի եռապատիկի չափով։
Եթե կատարված ծախսերի և պետական բյուջե վճարված տուգանքների հանրագումարը գերազանցում է նախընտրական հիմնադրամի առավելագույն չափի 120%-ը, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի հիման վրա դատարանն անվավեր է ճանաչում ընտրություններին մասնակցող կուսակցության կամ դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցեն 19 քաղաքական ուժեր՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։