


Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄԿ ՄՖ) փոխգլխավոր քարտուղար Խավիեր Կաստելյանոս Մոսկերայի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանում կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով տրամադրվող մարդասիրական օգնության և զարգացման ծրագրերի կարևորությունը։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայ փախստականների երկարաժամկետ կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերին առնչվող հարցեր։ Ընդգծվել է փախստականների սոցիալ-տնտեսական իրավունքների լիարժեք իրացման, սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման հարցերում նրանց մասնակցության ապահովման կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և այդ համատեքստում հնարավոր հումանիտար խնդիրների դիտարկման շուրջ։
Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» պատրվակով Արցախի նկատմամբ իրականացրեց ագրեսիայի հերթական ակտը։ Թշնամական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր արցախցիներ ստացան վիրավորումներ, այդ ժամանակ հաղորդվում էր ավելի քան 200 զոհի մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում։ Սեպտեմբերի 20-ին Արցախն ընկավ։ Ադրբեջանը սկսեց ԼՂՀ բռնի հպատակեցումը։ Բացի այդ, սեպտեմբերի 20-ին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանը թիրախային կրակ է բացել ռուսական խաղաղապահ զորակազմի երկու մեքենաների ուղղությամբ, զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ ՌԽԶ հրամանատարի տեղակալը։ Սեպտեմբերի 22-ին սկսվեց Արցախի Պաշտպանության բանակի լուծարման գործընթացը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից ի վեր, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցի մնաց առանց տան և հայրենիքի։



