
Արմինֆո. Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը հաղորդում է, որ ապրիլի 27-ին շարունակվել է Արցախում (Լեռնային Ղարաբաղում) տեղի ունեցող իրադարձությունները հետաքննող բրիտանական խորհրդարանական հանձնաժողովի նիստը:
Հաղորդագգգրության համաձայն, հանձնաժողովը լսել է վկաների՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և միջազգայնագետ իրավաբան Քարնիգ Քըրքոնյանի կարևոր ցուցմունքները:
"Նրանց ցուցմունքները հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, իրավական պատասխանատվության և Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ավելի լայն հետևանքների շարունակական հետաքննության մաս են կազմում: Հանձնաժողովը շարունակում է ապացույցների հավաքագրումը՝ իր եզրափակիչ զեկույցին և հանձնարարականներին մոտենալուն զուգահեռ", - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, բրիտանացի խորհրդարանականների խումբը Իրավաբանների միջազգային ասոցիացիայի (IBAHRI) Մարդու իրավունքների ինստիտուտի և արտաքին փորձագետների աջակցությամբ սկսել է Ադրբեջանի կողմից Արցախում կատարվող հանցագործությունների հետաքննությունը: 2026 թվականի փետրվարի 23-ին տեղի է ունեցել այդ կառույցի առաջին նիստը։
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հետաքննությունը նվիրված է տարածաշրջանում մշակութային ժառանգության ավերածությունների ուսումնասիրությանը: Մշակութային ժառանգության կանխամտածված ոչնչացման գործողությունները գնալով ավելի տարածված են դառնում զինված բախումների ընթացքում կամ դրանցից հետո: Մշակութային ժառանգությունը ժողովուրդների մշակույթի և ինքնության եզակի և կարևոր վկայությունն է: Մշակութային ժառանգության դեգրադացումն ու ոչնչացումը՝ ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական, կորուստ են տուժած համայնքների, ինչպես նաև, ընդհանրապես, միջազգային հանրության համար: Նշվում է, որ հետաքննության նպատակն է դիտարկել 2023 թվականին հակամարտության սրումից ի վեր Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասշտաբներն ու բնույթը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հայերի ներկայության հետքերը ջնջելու փորձը՝ ուշադրությունը կենտրոնացնելով վերջին իրադարձությունների վրա և բացահայտելով զարգացող միտումները:
Միջկուսակցական հանձնաժողովը գլխավորում է պատգամավոր Բրենդան Օ ' Հարան: Հանձնաժողովի կազմում են բարոնուհի Հելենա Քենեդին, պատգամավոր Ջոն Ուիթինգդեյլը, պատգամավոր Ջեսիկա Մորդենը, լորդ Մաքինեսը, լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Համակարգող աջակցություն է ցուցաբերում IBAHRI-ի ծրագրային համակարգող Էյն Մակդոնալդը: