


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 14 համերգով հանդես կգա Եվրոպայի հինգ խոշորագույն մշակութային կենտրոններում:
Համերգները տեղի կունենան 2026 թվականի ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածում՝ Իտալիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի և Իսպանիայի հեղինակավոր համերգասրահներում:
Նվագախմբի հետ հանդես կգա համաշխարհային մակարդակի մենակատարների փայլուն աստղաբույլ․ Օգյուստեն Դյումեն ՝ մեր ժամանակների մեծագույն ջութակահարներից մեկը, Սերգեյ Խաչատրյանը՝ աշխարհահռչակ հայ ջութակահար, Եվա Գևորգյանը ՝ դաշնամուրային արվեստի ծագող աստղ, և Էտտորե Պագանոն ՝ իտալացի երիտասարդ վիրտուոզ թավջութակահար:
Դիրիժորական կազմը պակաս տպավորիչ չէ. Էդուարդ Թոփչյան (Հայաստան), Պիեռ Կառլո Օրիցիո (Իտալիա) և Բենջամին Ցվիկ (Շվեյցարիա):
Համերգային ծրագրերը ներառում են դասական երաժշտության գլուխգործոցներ։ Եվրոպական ունկնդրին կներկայացվեն․ Դ.Շոստակովիչ. Սիմֆոնիա թիվ 10, Գ. Մալեր. Սիմֆոնիա թիվ 1 («Տիտան»), Վ. Ա. Մոցարտ. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար № 3, Մ. Բրուխ. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար № 1, Ի. Բրամս. Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, Պ. Ի. Չայկովսկի. Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 1, Ա. Դվորժակ. Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար և Ա. Խաչատրյան. հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բաալետներից:
«Այս շրջագայությունն ավելի կամրապնդի Հայաստանի մշակութային ներկայությունը ամենահեղինակավոր բեմերում։ Հյուրախաղերը 100-ամյա հայկական նվագախմբի բարձր կարգավիճակի և պահանջվածության վկայությունն են եվրոպական երաժշտական և մշակութային տարածքում", - ասվում է Ազգային ֆիլհարմոնիայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Համաեվրոպական շրջագայությունն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:



