


Արմինֆո.Ինչո՞ւ պետք է Հայաստանի քաղաքացին մշտապես մտածի անվտանգության մասին։ Նման հարցով Մասիսի բնակիչներին է դիմել Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Վերհիշելով իր նախագահության շրջանը, որը հագեցած էր բազմաթիվ տարբեր հանդիպումներով, նա նկատեց, որ ոչ ոք անվտանգության վերաբերյալ հարցեր չէր տալիս։
«Անկեղծ ասած, նման թեմա չկար, որովհետև անվտանգությունը կար։ Մարդիկ վստահ էին, որ գլխավոր խնդիրը աշխատատեղերն են և բազմաթիվ այլ հարցեր, բայց անվտանգության մասին ոչ ոք չէր հարցնում», - պատմել է էքս-նախագահը։
Քոչարյանի խոսքով՝ այսօր Հայաստանում յուրաքանչյուր մարդ, ով որդի ունի, մտահոգություն է ապրում իր երեխայի հետագա ճակատագրի համար՝ բանակում ծառայելու դեպքում։
Նա նկատեց, որ մարդիկ սկսում են մտածել անվտանգության մասին այն ժամանակ, երբ երկրի ղեկավարը դադարում է մտածել անվտանգության մասին։ «Սա շատ պարզ բանաձև է։ Եվ ես սա ասում եմ որպես մի մարդ, ով պատասխանատվություն է կրել երկրի համար, և հիմա պարզապես կիսվում եմ այդ տպավորություններով», - ասել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահի խոսքով՝ գործող իշխանություններն ամեն օր փորձում են համոզել մարդկանց, որ երկիրն անվտանգ չէ և նրան պատերազմ է սպառնում։ Հիշեցնելով, որ երկու անգամ մասնակցել է նախագահական ընտրությունների, Քոչարյանը նկատեց, որ երբեք իր մտքով չի անցել ասել, թե եթե ընդդիմությունը հաղթի, պատերազմ կսկսվի։ «Որովհետև նման հայտարարություններով դու քանդում ես սեփական երկիրդ, որպեսզի, հնարավոր է, ստանաս մի քանի լրացուցիչ ձայն», - նշել է նա։
Այսօր, ինչպես նկատեց Քոչարյանը, պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ եթե մարդը նույն բանն ասում է 100 անգամ, ապա վերջում՝ 101-րդ անգամ, դա կարող է իրականություն դառնալ։ Հետևաբար, ժողովուրդը պետք է ընտրի այն առաջնորդին, այն քաղաքական ուժին, որն իր փոխարեն կմտածի անվտանգության մասին և ի վիճակի է այդ անվտանգությունն ապահովել», - եզրափակել է նա։



