
Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան գնահատական է տվել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացմանը։
Այսպես, ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ լրագրողի խնդրանքին՝ գնահատական տալ Արցախում հայկական ժառանգության ոչնչացմանը, հատկապես հաշվի առնելով Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածածին մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող խաչքարերի ու հուշարձանների ավերման մասին վերջին տեղեկությունները, Զախարովան հետաքրքրվել է՝ արդյոք պաշտոնական Երևանը որևէ գնահատական տվե՞լ է կատարվածին։
Ստանալով բացասական պատասխան՝ Զախարովան առաջարկել է հարցնել պաշտոնական Երևանին։ «Մենք հապաղելու խնդիր չունենք։ Ես կարող եմ հիմա էլ ասել, քանի որ մենք բազմիցս բարձրացրել ենք հուշարձանների դեմ պատերազմի անթույլատրելիության հարցը։ Ով, եթե ոչ մենք, գիտենք, թե ինչ է դա, երբ անհիմն ոչնչացնում են քո մշակույթի, ընդհանուր մշակույթի հուշարձանները։ Եվ մենք չենք փոխում մեր մոտեցումները, մենք այս հարցում չունենք երկակի ստանդարտներ։ Մեզ մոտ ստանդարտը մեկն է՝ դա չի կարելի անել, որտեղ էլ որ դա տեղի ունենա», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Այնուհետև նա շտապեց հիշեցնել, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հաշտեցման հումանիտար ուղղություն։ Զախարովան նշեց, որ այն ներառում է բոլոր պահվող անձանց վերադարձի և փոխանակման, հուշարձանների, ճարտարապետական կոթողների ու հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, ինչպես նաև երկու երկրների համապատասխան կառույցների ու հասարակական կազմակերպությունների միջև անհայտ կորածների որոնման հարցերով տեղեկատվության փոխանակման թեմաները։ Նա հավելեց, որ այս հարցերի լուծման պահանջը հայկական և ադրբեջանական հասարակություններում արդիական է նաև այսօր։
«Ուստի, դիմելու դեպքում մենք պատրաստ ենք գործընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն, բայց կարծում եմ, որ առհասարակ վատ չէր լինի նման հարցերն առաջին հերթին ուղղել Հայաստանի ղեկավարությանը», - եզրափակեց Զախարովան։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Օրեր առաջ հայտնի էր դարձել նաև թշնամական կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին։ Արցախում մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում այսպես կոչված քաղաքակիրթ միջազգային հանրության լռելյայն խրախուսման ներքո։ Օրեցօր ադրբեջանցի օկուպանտները ոչնչացնում են այն օբյեկտները, որոնք վկայում են այս հողում հայերի հազարամյա ներկայության մասին։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը ամբողջությամբ ավերել կամ զգալիորեն վնասել է հետևյալ մշակութային և կրոնական օբյեկտները. 2024 թվականի ապրիլին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին, ամբողջությամբ ոչնչացվել է Շուշիի Ղազանչեցոց գերեզմանատունը, Քարինտակ գյուղը բուլդոզերներով ամբողջությամբ քանդվել է, Ստեփանակերտում ապամոնտաժվել են հուշարձաններ և կիսանդրիներ, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Ավերվել է Մեծ Թաղեր գյուղի մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն բերդ։