
Արմինֆո.Ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ։ Այս մասին ապրիլի 24-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Հայ պատմաբանների գնահատականներով՝ ցեղասպանության զոհ է դարձել ավելի քան 1,5 միլիոն մարդ, ավելի քան 600 հազար մարդ այն ժամանակ վտարվել է սեփական տներից։ Ավերվել են հոգևոր սրբավայրեր, քանդվել են ճարտարապետական հուշարձաններ։ Ես ուզում եմ ընդգծել, որ մեր երկրում հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընդունել են որպես սեփական վիշտ»,- հայտարարել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի քաղաքներում այս օրը ամեն տարի անցկացվում են բազմաթիվ հիշատակի միջոցառումներ և ակցիաներ։ «Եվ այսօր մենք մեր խորին կարեկցանքն ենք հայտնում հայ ժողովրդին, ինչպես միշտ սգում ենք նրա հետ միասին այս օրը»,- նշել է նա։
Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը հետևողական է և օբյեկտիվ՝ ազգային հատկանիշով զանգվածային ոչնչացումը չի կարող արդարացում ունենալ։ «Մեր երկիրը մի շարք համապատասխան միջազգային-իրավական ակտերի, այդ թվում՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու մասին կոնվենցիայի մասնակիցն ու նախաձեռնողն է։ Եվ ահա բոլորովին վերջերս՝ ապրիլի 19-ին, մենք առաջին անգամ նշեցինք սգո ամսաթիվը՝ խորհրդային ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, որն ամրագրված է մեր օրենսդրական մակարդակով»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ ռուսական դիվանագիտությունը կանգնած է եղել 20-րդ դարի առաջին քառորդին հայ ժողովրբի բաժին հասած ողբերգական իրադարձությունները որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն ճանաչելու ակունքներում։ Զախարովան արձանագրել է, որ ժամանակակից Ռուսաստանն աշխարհում առաջիններից մեկն է ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը Պետդումայի համապատասխան փաստաթղթերում։ «Համաձայն Ռուսաստանի օրենսդիր մարմնի ստորին պալատի 1995 թվականի փաստաթղթի՝ այսօրվա ամսաթիվը մեր երկրում նշվում է որպես հարգանքի տուրք այդ ողբերգության անմեղ զոհերի հիշատակին։ Մենք միշտ բաց ենք եղել այս թեմայով խոսակցությունների համար, երբեք չենք թաքցրել մեր դիրքորոշումը, միշտ կիսվել ենք մեր տեսակետներով, քանի որ դրանք հիմնված չեն պահի կոնյունկտուրայի վրա, դրանք հիմնված են պատմական փաստերի վրա։ Ռուսաստանի ղեկավարությունը, այդ թվում՝ բարձրագույն, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունները այցելում են Երևանում ԽՍՀՄ ժամանակներում կառուցված Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Եվ, ի դեպ, ի տարբերություն որոշ արևմտյան գործընկերների, որոնք այսօր իրենց հայացքն ուղղել են դեպի Հայաստան, մենք սոցիալական ցանցերից կամ տեղեկատվական հարթակներից չենք հեռացնում մեր կողմից իրականացված աջակցության նման ժեստերի մասին հրապարակումները։ Նաև սովորություն չունենք խուսափել հենց «ցեղասպանություն» բառից», - շարունակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Ռուսաստանում գիտեն, որ ապրիլի 24-ը հսկայական հոգևոր և բարոյաքաղաքական նշանակություն ունի բարեկամ հայ ժողովրդի և ՌԴ բազմամիլիոնանոց հայկական սփյուռքի համար, որոնց համար սա սգո օր է և ոչ միայն հիշատակի ամսաթիվ, այլև հայերի տոկունության, միասնության, սեփական պատմական արժեքներին հավատարմության և ինքնության պահպանման գործին նվիրվածության խորհրդանիշ։
Նշենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը (J.D. Vance) այս տարվա հունվարին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որից հետո նրա սոցիալական ցանցերում այդ մասին հրապարակում էր արվել։ Այնուհետև հրապարակումը հեռացվել էր, ինչը լայն հասարակական արձագանք էր առաջացրել։