
Արմինֆո.Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ուղերձում հայտարարել է այդ հարցում ռուսական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին:
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում 20 ‒ րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև։ Դաժան հաշվեհարդարը անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ, որոնք սպանվել, վիրավորվել, վտարվել են հայրենի քաղաքներից ու ավաններից, ցնցել է ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց են տվել, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունն ու այլատյացությունը», – ասվում է Պուտինի ուղերձում:
Նա նշել է, ոչ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում միշտ անփոփոխ է եղել և արդեն 1915թ. մայիսին այն արտացոլվել է Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում է հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ ՝ Պետդումայի 1995թ. ապրիլի 14-ի հայտարարության մեջ:
"Համոզված ենք, որ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային բնաջնջման և տեղահանման քաղաքականությունը արդարացում չունի և չի կարող ունենալ, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի։
Այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները չսպիացող վերք դարձան հայերի բազմաթիվ սերունդների համար, սակայն վերապրած արհավիրքը համախմբեց մարդկանց, ովքեր ցույց տվեցին ամուր ավանդույթներ, իմաստություն և քաջություն: Համոզված եմ, որ այսուհետ ևս Հայաստանի զավակներն ու դուստրերը պահպանելու են ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունն ու հոգևոր արժեքները: Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն, բարգավաճում և ամենայն բարիք", - հայտարարել է Պուտինը:
1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է "1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին" հայտարարություն՝ 1915-1922 թվականներին Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի հիման վրա: Դրանում նաեւ նշված է, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի կործանման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Պետական Դուման դատապարտել է հայերի բնաջնջման կազմակերպիչներին, ցավակցություն հայտնել հայ ժողովրդին և ապրիլի 24-ը ճանաչել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Իր խոսքում ռուսական պետության ղեկավարը հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվել են որպես սեփական վիշտ, նշելով, որ հարյուր հազարավոր անպաշտպան և ապաստան կորցրած հայեր ապաստան ստացան Ռուսաստանի տարածքում և փրկվեցին: Նա նաև հիշեցրել էր, որ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի նկատմամբ բռննության դատապարտման․ արտաքին գործերի Նախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնննությամբ արդեն 1915 թվին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարության մեջ կատարվածն անվանել են հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության։