
Արմինֆո.Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը պարտավորեցնում է լինել ուժեղ և միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք Հայոց Ցեղասպանության 1․5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Ժամանակն անզոր է բթացնել այն ցավը, որը մինչ օրս վերապրում են Ցեղասպանության զոհերի ժառանգները, քանի դեռ պատմական արդարությունը վերականգնված չէ։
Սա պարզապես հիշատակի օր չէ։ Սա մեր խղճի, մեր պատմական հիշողության, մեր ազգային ինքնության օրն է։ Բայց մենք չպետք է միայն սգանք։ Մենք պետք է ապրենք, պայքարենք արդարության վերականգման համար, շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, որպեսզի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը համոզվի, որ հայի կամքն անկոտրում է։
Մեր նահատակների հիշատակը մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, լինել միասնական, երբեք չմոռանալ և երբեք չհանձնվել։
Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը։
Եկե՛ք միասին կառուցենք այնպիսի Հայաստան, որի մասին երազում էին մեր նախնիները։
Խոնարհվում եմ մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ․․․», - գրել է ԲՀԿ առաջնորդը։
Հիշեցնենք, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկիզբ դրվեց կայսրության հայ հպատակների ոչնչացմանը, որը սկսվեց հայ մտավորականների ՝ գրողների և բանաստեղծների, ճարտարապետների և խորհրդարանականների ձերբակալություններով, իսկ հետո վերածվեց հայերի լիակատար բնաջնջման: Թուրքական իշխանությունների այս գործողությունների արդյունքում ավելի քան 1,5 մլն հայեր տեղահանվեցին, սովից ու խոշտանգումներից մահացան։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2005), ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Հարավային Ամերիկայի երկրների խորհրդարանական կոալիցիան, Լատինական Ամերիկայի խորհրդարանը (2015):
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ երկրների և ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Առաջինը հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը (1965) ։ Հայերի բնաջնջումը պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն (միջազգային իրավունքի համաձայն) և դատապարտել ՝ Ավստրիան (խորհրդարանական խմբակցությունների նախագահների համատեղ հայտարարություն, 2015), Արգենտինան (2 օրենք, 5 բանաձև; 2004, 2007), Հայաստանը (1964 թվական ԽՍՀՄ կազմում, 1988, 1990), Բելգիան (1998, 2015), Բուլղարիան (2007, 2015), Բոլիվիան (2014), Բրազիլիան (2015), Վատիկանը (2015), Վենեսուելան (2005),Գերմանիան (2016), Հունաստանը (1996), Իտալիան (2000, 2019), Կանադան (2019), Կիպրոսը (1975, 1982), Լատվիան (2021), Լիբանանը (1997), Լիբիան (2019), Լիտվան (2005), Լյուքսեմբուրգը (2015), Նիդերլանդները (2004, 2018), Պարագվայը (2015), Լեհաստանը (2005), Պորտուգալիան (2019), Ռուսաստանը (1995), Սիրիան (2020), Սլովակիան (2004), ԱՄՆ (2019, 2021), Ուրուգվայը (1965), Ֆրանսիան (1998, 2000, 2001, 2006), Չեխիան (2015, 2017, 2020), Չիլին (2007), Շվեյցարիան (2003), Շվեդիան (2010): Թուրքիան շարունակում է մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման քաղաքականությունը։ Ամեն տարի այդ օրը Հայաստանում և Սփյուռքում անցկացվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: