
Արմինֆո.ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բացահայտ շանտաժ է անվանել ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներն այն մասին, թե այլ ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ կսկսվի։
RTVI-ին տված հարցազրույցում ՀՀ նախկին նախագահը նշել է, որ պատերազմով շանտաժի է ենթարկում մի մարդ, ում վարչապետության օրոք տեղի է ունեցել Հայաստանի համար աղետալի պարտությամբ ավարտված պատերազմ, եղել են հսկայական թվով զոհեր... Եվ ընդ որում՝ ոչ մեկը. եղան տարածքային կորուստներ, Հայաստանի ինքնիշխան տարածքի կորուստ, Ղարաբաղի լիակատար կորուստ։ «Եվ մի մարդ, ով այդ պատերազմի, այդ բախումների ու այդ կորուստների պատճառն է, հիմա խոսում է խաղաղության մասին և փորձում է իր կերպարն ասոցացնել խաղաղության հետ։ Նախ՝ դա անամոթություն է, երկրորդ՝ դա շանտաժ է, իսկ երրորդ՝ երևի թե դա անամոթ շանտաժի մի տեսակ համագումար է։ Նա անազնիվ է ընտրողի նկատմամբ։ Այսինքն՝ դու կարծես վերցնում ես մի մահակ, որի վրա գրված է «Պատերազմի սպառնալիք», և փորձում ես պատերազմի շանտաժով կոտրել ընտրողի կամքը։ Մեզ համար այդ կատեգորիան անընդունելի է։ Ես, իհարկե, համաձայն չեմ դրա հետ։ Եվ ընդհակառակը, մենք ասում ենք, որ եթե Փաշինյանը մնա, ապա պատերազմի սպառնալիքը կկրկնապատկվի-կեռապատկվի, քանի որ Ադրբեջանի ախորժակը, Թուրքիայի ախորժակը չեն նվազելու, ավելին՝ դրանք ուժեղանում են։ Ես խոսում եմ այն սպառնալիքների մասին, որոնք իր հետ բերում է Փաշինյանի քաղաքականությունը։ Փաշինյանի քաղաքականությունը ակնհայտորեն արտահայտված է նույնիսկ վերջին հայտարարության մեջ, թե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է։ Դա, իհարկե, աբսուրդ է հնչում, բայց դա հնչեցվել է հենց նրա և Հայաստանի խորհրդարանի նախագահի կողմից։ Այսինքն՝ դա նույնն է, ինչ Գազայի հատվածում հանկարծ հայտարարեին, թե պաղեստինցիների անվտանգության երաշխավորը Իսրայելն է։ Հնարավո՞ր է արդյոք նման բան ընդհանրապես պատկերացնել»,- հայտարարել է նախկին նախագահը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է ուզում ընտրողը, Ռոբերտ Քոչարյանը նկատել է, որ նա կայունություն և կատարվածի վերաբերյալ հստակ պատկերացում է ուզում։ «Մարդիկ հոգնել են հակասական հայտարարություններից, հիստերիկությունից, տեղի ունեցողի անհասկանալի լինելուց։ Որովհետև երբ իշխանությունը կամ իշխանավորները կարող են մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում փոխբացառող հայտարարություններ անել աշխարհաքաղաքական կողմնորոշման, ներքին քաղաքականության, պատերազմի, խաղաղության և այլնի վերաբերյալ, դա մտահոգություն է առաջացնում։ Մարդիկ սիրում են կայունություն, մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչ կլինի վաղը։ Իմ նախագահության 10 տարիները Հայաստանի համար եղել են ամենախաղաղ տարիները»,- ընդգծել է ՀՀ նախկին նախագահը։