
Արմինֆո.Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դատական կարգադրիչների (պրիստավների) ծառայության ղեկավար Դմիտրի Արիստովի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանի ուղեկցությամբ:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
Երկու երկրների պաշտոնյաները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ռուսաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, էքսկուրսավար Ժաննա Մելքոնյանի ուղեկցությամբ ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև պարոն Դմիտրի Արիստովը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը պարոն Դմիտրի Արիստովին է նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի ռուսերեն պատկերագիրքը և Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները» գրքի ռուսերեն տարբերակը:
Վերջում Դմիտրի Արիստովը Հիշողության պուրակում տնկել է եղևնի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունել է "1915-1922 թվականներին հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին" հայտարարություն՝ 1915-1922 թվականներին Արևմտյան Հայաստանի տարածքում հայերի բնաջնջման մասին վկայող անհերքելի պատմական փաստերի հիման վրա: Դրանում նաեւ նշված է, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն իր պատմական հայրենիքում կատարվել է Ռուսաստանի կործանման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Պետական Դուման դատապարտել է հայերի բնաջնջման կազմակերպիչներին, ցավակցություն հայտնել հայ ժողովրդին և ապրիլի 24-ը ճանաչել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Բացի այդ, 2015 թվականի ապրիլի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Իր խոսքում ռուսական պետության ղեկավարը հայտարարել է, որ 1915 թվականի իրադարձությունները ցնցել են ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվել են որպես սեփական վիշտ, նշելով, որ հարյուր հազարավոր անպաշտպան և ապաստան կորցրած հայեր ապաստան ստացան Ռուսաստանի տարածքում և փրկվեցին: Նա նաև հիշեցրել էր, որ հենց ռուսական դիվանագիտությունն է հասել հայ ժողովրդի նկատմամբ բռննության դատապարտման․ արտաքին գործերի Նախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնննությամբ արդեն 1915 թվին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հայտարարության մեջ կատարվածն անվանել են հանցագործություն ընդդեմ մարդկության եւ քաղաքակրթության։