
Արմինֆո. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածածին մայր տաճարի ոչնչացումը։
ԱրմԻնֆո-ին տրամադրված «Հայ դատի» հայտարարությունում ընդգծվում է, այդ գործողությունը, որը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախօրեին, նշանավորում է Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության համակարգված վերացման լուրջ սրացում։
«Օծված 2019 թվականին՝ տաճարը խորհրդանշում էր հայկական կրոնական կյանքի վերածնունդը և տեղի հայկական ներկայության շարունակականությունը։ Դրա ոչնչացումը՝ հաստատված արբանյակային պատկերներով, հետևում է հայկական մշակութային և կրոնական վայրերի նկատմամբ նախորդ հարձակումներին և արտացոլում է ավելի ընդգրկուն և կանխամտածված գործողություններ՝ վերացնելու հայկական պատմական հետքը։
Այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի և մշակութային ժառանգությունը պաշտպանող ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավական կարգավորումների լուրջ խախտումներ, ինչպես նաև հակասում են Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին, որոնք Ադրբեջանից պահանջում են կանխել և պատժել նման գործողությունները։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը մտահոգություն է հայտնում միջազգային պատշաճ արձագանքի բացակայության կապակցությամբ։ Շարունակվող լռությունը վտանգում է անպատժելիության խորացումը և խաթարում արդարության հաստատման և տեղահանված հայերի անվտանգ վերադարձի հեռանկարները։
Հայ դատի կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է անում․ անմիջապես իրականացնել վնասված տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության անկախ միջազգային մշտադիտարկում; կիրառել նպատակային միջոցներ՝ դիտավորյալ ոչնչացման համար պատասխանատվություն ապահովելու նպատակով, Հարավային Կովկասի շուրջ միջազգային ներգրավվածության շրջանակներում բարձրացնել ժառանգության պաշտպանության առաջնահերթությունը; Հայաստանի կողմից ձեռնարկել անհապաղ իրավական և դիվանագիտական քայլեր, ներառյալ՝ դիմել միջազգային դատական մեխանիզմներին։
Մշակութային ժառանգության ոչնչացումը հարձակում է ոչ միայն որևէ ժողովրդի ինքնության, այլև մարդկության համընդհանուր ժառանգության դեմ և պահանջում է արագ և սկզբունքային միջազգային արձագանք», - ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օրեր առաջ հայտնի էր դարձել նաև թշնամու կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին։ Արցախում մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։ Օր օրի ադրբեջանական օկուպանտները ոչնչացնում են այն օբյեկտները, որոնք վկայում են այդ հողում հայերի հազարամյա ներկայության մասին։
Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին․ ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց: