


Արմինֆո.Ապրիլի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ինչպես հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել Դելֆիի տնտեսական համաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները, ինչպես նշված էր պաշտոնական սակավախոս հաղորդագրության մեջ, մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Հիշեցնենք, որ հենց Աբդուլլահ Գյուլի օրոք՝ 2008 թվականին, սկսվեցին շփումները Հայաստանի և Թուրքիայի միջև այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում: Թուրքիայի նախագահն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը՝ այցելելու Երևանում կայանալիք խաղին: Դա Թուրքիայի պետության ղեկավարի առաջին այցն էր անկախ Հայաստան: Սերժ Սարգսյանի պատասխան այցը տեղի ունեցավ 2009 թ. հոկտեմբերի 14-ին. Հայաստանի նախագահն այցելեց պատասխան խաղին թուրքական Բուրսա քաղաքում: Այս գործընթացի անմիջական հետևանքը դարձավ 2009 թվականի հոկտեմբերին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների ստորագրումը: Չնայած միջազգային հանրության սկզբնական լավատեսությանը՝ գործընթացը փաստացի մտավ փակուղի. երկու երկրների խորհրդարաններն այդպես էլ չվավերացրին արձանագրությունները: Ադրբեջանի ճնշման ներքո Թուրքիան հարաբերությունների կարգավորումը շաղկապեց Ղարաբաղի հարցի հետ, ինչն անընդունելի էր հայկական կողմի համար:



