


Արմինֆո.Հայաստանը ողջունում է ՀՀ-ում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումը, որը նպատակ ունի աջակցել ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբերհարձակումների և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուղղությամբ ջանքերին:
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, առաքելությունը կտեղեկայվի նախնական երկու տարի ժամկետով և իր գործունեությամբ կնպաստի վերոնշյալ ուղղություններով ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ու ներկա մարտահրավերներին Հայաստանի հասարակության դիմակայունության ավելացմանը:
«Քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ որոշումը, որը կայացվել է ՀՀ դիմումի հիման վրա, մայիսի 5-ին կայանալիք ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովին ընդառաջ, ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգից բխող հերթական համատեղ նախաձեռնություններից է», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա "խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար, ապա, հնարավոր է, ավելի մշտական քաղաքացիական առաքելություն": Այդ կապակցությամբ հիշեցվել է, որ ԵՄ-ը մոտ 20 հոգուց բաղկացած համանման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, "որպեսզի օգնի մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը": Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին ՝ "ռուսական քարոզչությանը հակազդելու համար":



