


Արմինֆո. Հայաստանում իր գործունեությունն է սկսում նոր մասնագիտացված ոչ կառավարական կազմակերպությունը՝ Շահումով խաղերի օպերատորների ազգային ասոցիացիան՝ նպատակ ունենալով ստեղծել պատասխանատու և թափանցիկ միջավայր շահումով խաղերի համար: Այդ մասին ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։
Առաջին անգամ Հայաստանում Շահումով խաղերի օպերատորների ազգային ասոցիացիան խաղային ոլորտը ներկայացնում է ոչ միայն որպես առևտրային գործունեություն, այլև՝ որպես հանրային վստահության և պատասխանատվության կարևոր բաղադրիչ ունեցող ոլորտ: Ասոցիացիայի նպատակն է նպաստել ոլորտի հանրային ընկալման վերանայմանը ՝ թափանցիկության, հաշվետվողականության և ապացուցողական պրակտիկայի սկզբունքների հիման վրա:
Ասոցիացիան ստեղծվում է որպես անկախ ճյուղային կառույց, որը միավորում է երեք հիմնական ուղղություններ․ պատասխանատու շաահումով խաղի մշակույթի խթանում, ապօրինի խաղային գործունեության կանխարգելում և աջակցություն միջազգային փորձի հիման վրա պետական քաղաքականության ձևավորմանը: Կազմակերպությունը հստակ ընդգծում է, որ որևէ առևտրային շահ չի հետապնդում և չի զբաղվում խաղային ծառայությունների տարածմամբ: Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է հավասարակշռված, էթիկական և կանոնակարգվող խաղային միջավայրի ստեղծմանը:
Նշենք, որ հաջորդ շաբաթ Հայաստանի խորհրդարանում քննարկումներ կանցկացվեն նոր օրինագծի շուրջ, որի համաձայն, երկրում շաահումով խաղերի գործունեությունը կխստացվի: 2025 թվականին Հայաստանի խաղային արդյունաբերությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել ՝ ուղղված պետբյուջեի մուտքերի ավելացմանը։ Հուլիսի 1 - ից շրջանառության 10 տոկոսի չափով հարկ է սահմանվել բոլոր տեսակի շահումով խաղերի, այդ թվում՝ առցանց խաղատների, բուքմեյքերական գրասենյակների եւ վիճակախաղերի համար: Բարեփոխումը կոչված է լրացուցիչ մոտ 13 մլրդ դրամի մուտքագրմանը պետական բյուջե։ Խաղային գործունեության տուրքերը կրկնապատկվել են՝ կազմելով 350 մլն դրամ առցանց խաղատների համար, և 100 մլն դրամ ՝ բուքմեյքերական գրասենյակների համար: ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ անցած ժամանակահատվածում շահումով խաղերի գծով բյուջե է մուտքագրվել 23,4 մլրդ դրամ:



