
Արմինֆո. Լայպցիգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում:
Ինչպես հաղորդում է ԳԴՀ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը, միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Նիկոլայ եկեղեցու պատվելի Բերնհարդ Ստիֆը, Լայպցիգի քաղաքապետ Բուրքհարդ Յունգը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Լայպցիգի Հայ մշակութային միության ղեկավար Անահիտ Բաբայանը։
Միջոցառման ընթացքում հայ համայնքի երեխաները գերմանական Պրոպստայ երգչախմբի հետ հայերենով կատարել են «Կաքավիկ» և «Լորիկ» երգերը։ Հնչել են նաև հայկական երաժշտական կատարումներ՝ Անի Պողոսյանի քանոնի, Արփի Գրիգորյանի երգեցողության, Թիլման Լութվիգի դուդուկի և Հենք Գալնքամբի երգեհոնի կատարմամբ։
Հիշատակի միջոցառումից հետո, Լայպցիգի քաղաքապետարանի դիմաց՝ Պրոպստայ եկեղեցուն կից տարածքում, տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման և օծման արարողությունը։ Ներկաների մասնակցությամբ բացվել է խաչքարը, որն օծվել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի ձեռամբ՝ Տեր Հակոբի, ինչպես նաև Պրոպստայ եկեղեցու վարդապետ Ռալֆ Կոչինկայի և Նիկոլայ եկեղեցու պատվելի Բերնհարդ Ստիֆի աղոթքներով։
Միջոցառումը կազմակերպվել էր Լայպցիգի Հայ Մշակութային Միության կողմից։
Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2016 թվականի հունիսի 2-ին: Այդ մասին բանաձևում ոչ միայն ճանաչվում է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության փաստը, այլև՝ այդ իրադարձությունների համար Գերմանիայի պատասխանատվությունը:
Նշենք, որ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում սկիզբ դրվեց կայսրության հայ հպատակների ոչնչացմանը, որը սկսվեց հայ մտավորականների ՝ գրողների և բանաստեղծների, ճարտարապետների և խորհրդարանականների ձերբակալություններով, իսկ հետո վերածվեց հայերի լիակատար բնաջնջման: Թուրքական իշխանությունների այդ գործողությունների արդյունքում ավելի քան 1,5 մլն հայեր տեղահանվեցին, սովից ու խոշտանգումներից մահացան։
Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Եվրոպայի խորհուրդը (1998, 2001), Եվրախորհրդարանը (1987, 2000, 2002, 2005), ՄԱԿ-ի խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողով[7], Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Հարավային Ամերիկայի երկրների խորհրդարանական կոալիցիան (Մերկոսուր), Լատինական Ամերիկայի խորհրդարանը (2015):
Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է աշխարհի բազմաթիվ երկրների և ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից: Առաջինը հայերի զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Ուրուգվայի խորհրդարանը (1965) ։ Հայերի բնաջնջումը պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն (միջազգային իրավունքի համաձայն) և դատապարտել Ավստրիան (խորհրդարանական խմբակցությունների նախագահների համատեղ հայտարարություն, 2015), Արգենտինան ( 2 օրենք, 5 բանաձև; 2004, 2007), Հայաստանը (1964 թվականին ԽՍՀՄ կազմում, 1988, 1990 թվականներին), Բելգիան (1998, 2015), Բուլղարիան (2007, 2015), Բոլիվիան (2014), Բրազիլիան (2015), Վատիկանը (2015), Վենեսուելան (2005),Գերմանիան (2016), Հունաստանը (1996), Իտալիան (2000, 2019), Կանադան (1996, 2002, 2004), Կիպրոսը (1975, 1982), Լատվիան (2021), Լիբանանը (1997), Լիբիան (2019); 2019 թվականի ապրիլի 18-ին Լիբիայի ժամանակավոր կառավարությունն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև; Լիտվան (2005), Լյուքսեմբուրգը (2015), Նիդերլանդները (2004, 2018), Պարագվայը (2015), Լեհաստանը (2005), Պորտուգալիան (2019), Ռուսաստանը (1995), Սիրիան (2020), Սլովակիան (2004), ԱՄՆ (2019, 2021); 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ։ Ուրուգվայը (1965), Ֆրանսիան (1998, 2000, 2001, 2006), Չեխիան (2015, 2017, 2020), Չիլին (2007), Շվեյցարիան (2003), Շվեդիան (2010): Թուրքիան շարունակում է մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման քաղաքականությունը։