
Արմինֆո. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարեւոր է Եվրամիության համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը՝ կազմակերպության արտգործնախարարների հանդիպումից առաջ:
Նրա խոսքով՝ այսօրվա նիստի ընթացքում քննարկվելու են ԵՄ նոր առաքելությունը, որը ստեղծվելու է Հայաստանում, և Ադրբեջանի և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման ուղիները:
Ապրիլի 15-ին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ԵՄ դեսպանները հավանություն են տվել Հայաստան քաղաքացիական նոր առաքելություն ուղարկելու որոշմանը: Տեղեկատվության համաձայն, "առաքելությունը կամրապնդի Հայաստանի դիմադրողունակությունը հիբրիդային սպառնալիքների նկատմամբ՝ ռազմավարական, գործնական խորհրդատվություն և աջակցություն տրամադրելով նախարարություններին և անվտանգության մարմիններին": Այդ խորհրդատվությունները կկենտրոնանան քաղաքականության մշակման, տեղեկատվության արտաքին մանիպուլյացիաների, կիբերհարձակումների, ինչպես նաև անօրինական ֆինանսական հոսքերի բացահայտման և արձագանքման վրա: Առաքելությունը նաև կգնահատի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի անվտանգության ներուժի զարգացման համար, որպեսզի երկիրը կարողանա առավել արդյունավետ կերպով բացահայտել և արձագանքել հիբրիդային սպառնալիքներին՝ ԵՄ մեթոդաբանություններին և չափորոշիչներին համապատասխան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ հայտնվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա "խնդրել է արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար, ապա, հնարավոր է, ավելի մշտական քաղաքացիական առաքելություն": Այդ կապակցությամբ հիշեցվել է, որ ԵՄ-ը մոտ 20 հոգուց բաղկացած համանման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, "որպեսզի օգնի մոլդովական իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը": Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին ՝ "ռուսական քարոզչությանը հակազդելու համար":