


Արմինֆո. Ապրիլի 20-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի նախարար Մաքսիմ Պրևոն բարձր են գնահատել երկու երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ երկու կողմերն էլ ընդգծել են երկկողմանի և ԵՄ շրջանակներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը։
Կողմերը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների օրակարգը, այդ թվում՝ ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման և տնտեսական կապերի ընդլայնման հետ կապված հարցերը։
Տարածաշրջանային զարգացումների մասին խոսելով՝ նախարարները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում ի հայտ եկող նոր իրողությունների վերաբերյալ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության համատեքստում ընդգծվել է կապի և ենթակառուցվածքների զարգացման նախագծերի առաջխաղացման կարևորությունը։
Միրզոյանը և Պրևոն մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։



