
Արմինֆո. Նոր ՀՀ սահմանադրության ընդունմամբ Հայաստանի դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
"Կա, նույնիսկ, առաջարկ, որ ՀՀ սահմանադրության անցումային դրույթներում մենք ունենանք դրույթ, որ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվելու է որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատար և միայն բարեվարքության նոր չափորոշչի հաստատումից հետո, որի հաստատումը հնարավոր կլինի արդեն նոր իրավակարգավորումների շնորհիվ, որովհետև կան բաներ, որոնք հնարավոր չեն մեր իրավակարգավորումների դեպքում, որակավորման այդ գնահատականը անցնողները վերանշանակվելու են դատավորի կարգավիճակով", - ասել է Փաշինյանը:
Ընդ որում, նա համոզմունք է հայտնե լ, որ դատավորների ընդհանուր ժողովն, օրինակ, չպետք է Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու իրավունք ունենա: "Նրանք պետք է թեկնածու առաջադրելու իրավունք ունենան, բայց ամեն դեպքում ընտրությունը, վերջնական որոշումը պետք է կայացնի այն մարմինը, որը կրում է ժողովրդի առաջնային մանդատը, և այդ մարմինը Ազգային ժողովն է", - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Ճշտմանը, թե արդյոք ծանոթ է նոր սահմանադրության տեքստին, և երբ այն կհրապարակվի, Փաշինյանը հաստատել է, որ ծանոթ է փաստաթղթին, և հավելել է, որ, նույնիսկ, մասնակցել է դրա մշակմանը: Նա նաև վստահեցրել է, որ կողմ է նոր սահմանադրության տեքստի հրապարակմանը, հավելելով, որ, սակայն, կան որոշակի բայցեր։ "Բայց խնդիրն այն է, որ մի քանի սկզբունքային և կարևոր նրբերանգներով, որոնք կապված են պետական կառավարման համակարգի կարգավորումների հետ, որոշակի վեճեր կան քաղաքական և կառավարական թիմում: Ես չեմ ուզում, որ մենք այդ թուղթը հրապարակենք առանց այդ վեճերը լուծելու", - ասել է Փաշինյանը, նշելով, թե չի բացառում, որ մինչև հունիսի առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն հասցնի վերացնել առկա տարաձայնությունները, և նախագծի հրապարակումը կմնա ընտրություններից հետո։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիումից հետո Բաքվից հաճախ են հնչում ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջներ՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Պատճառը Հայաստանի անկախության հռչակագիրն է, որում, Բաքվի պնդմամբ, իբր , Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Չնայած Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել են ոչ Բաքվի պահանջով, այս տարվա մարտին Փաշինյանը խոստովանել է, որ ՀՀ նոր սահմանադրության մեջ չպետք է լինեն Անկախության հռչակագրին հղումներ: Եվ սա այն պայմաններում, երբ Հայաստանի գլխավոր օրենքի նախաբանն անձեռնմխելի է և ենթակա չէ խմբագրման կամ ՀՀ սահմանադրությունից հեռացման։