


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին Երեւան կատարելիք այցի շրջանակում ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիր կստորագրի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարին առընթեր Եվրոպայի հարցերով պատվիրակ-նախարար Բենժամեն Հադադը:
Դիվանագետը հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը շատ կարեւոր միջոցառում է, որի ընթացքում Հայաստանը մի քանի օրով կդառնա Եվրոպայի յուրօրինակ կենտրոն:
"Սա ընդգծում է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Դրան զուգընթաց տեղի կունենա նախագահ Մակրոնի առաջին այցը Հայաստան։ Մենք կկարողանանք ամրապնդել մեր երկրների միջև առանց այդ էլ շատ սերտ պատմական, մշակութային և տնտեսական կապերը, ինչպես նաև համագործակցությունը պաշտպանության ոլորտում։ Նախագահ Մակրոնն ու վարչապետ Փաշինյանը կստորագրեն ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիր, որը մեզ ավելի կմերձեցնի", -ասել է Հադադը՝ «Սիվիլնեթ»-ի հետ հարցազրույցում։
Նա հավելել է, որ դրանից հետո տեղի կունենա ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը, որը հնարավորություն կտա ամրապնդել համագործակցությունը Եվրամիության և Երևանի միջև: Հադադը համոզմունք է հայտնել, որ դա կարեւոր հանգրվան կլինի Ֆրանսիայի եւ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններում։
"Ֆրանսիան արդեն ընդլայնել է Հայաստանի հետ համագործակցության մակարդակը պաշտպանական ոլորտում ՝ ինչպես սպառազինության մատակարարման, այնպես էլ խորհրդատվությունների տրամադրման առումով։ Մենք Երևանում մեր դեսպանատուն ենք ուղարկել մեր ռազմական կցորդին։ Նախագահ Մակրոնի համար սա առաջնային ուղղություններից մեկն է", - ընդգծել է Հադադը, միաժամանակ նշելով պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, որն արդեն ակտիվորեն իրականացվում է վերջին տարիներին։
Ֆրանսիացի դիվանագետը նաև պատմել է, որ առաջին անգամ է Հայաստանում և այցելել է Ցեղասպանության թանգարան: "Դա շատ կարևոր և շատ հուզական փորձ էր։ Դեռ այն տարիներին այդ ողբերգությունը, այդ ցեղասպանությունն անտարբեր չէր թողել բազմաթիվ ֆրանսիացիների ու եվրոպացիների, ովքեր գրել են կատարվածի մասին", - ամփոփել է Հադադը։



