


Արմինֆո.Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես Հայաստանը կդառնա ուժեղ։ Այդ մասին հայտարարել է ռուսաստահայ գործարար, "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ Հակակոռուպցիոն դատարանում, որտեղ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է գործարարի խափանման միջոցի հարցի քննարկումը:
"Հարգելի դատարան, փաստաբան Վարդևանյանը շատ հուզիչ և համոզիչ կերպով ներկայացրեց ամեն ինչ ՝ ներկայացնելով այս մեղադրանքում տեղ գտած ապօրինությունները: Ուզում եմ ավելացնել, որ մեր իրավապահ համակարգի բոլոր ապօրինություններն ուղղված են իմ և իմ ընտանիքի անդամների դեմ՝ խոչընդոտելու մեր ժողովրդի՝ ուժեղ Հայաստան ունենալու ձգտումը: Վստահեցնում եմ, որ դա նրանց չի հաջողվի, փոփոխություններ կլինեն։ Շատ շուտով դուք կտեսնեք, շուտով ուժեղ Հայաստան է լինելու", - իր խոսքի ընթացքում ասել է Կարապետյանը։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղսագրվում են նաեւ իշխանությունը զավթելու կոչեր։ Գործարարը կալանավորվել էր 2025թ․ հունիսին՝ Հայոց եկեղեցուն աջակցության հայտարարություններից հետո: Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:



