


Արմինֆո. Հարավային Կովկասն արդեն թեւակոխել է խաղաղության փուլ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Խիկմետ Գաջիեւը՝ ելույթ ունենալով Անթալիայի 5-րդ դիվանագիտական համաժողովի շրջանակներում անցկացվող պանելային նստաշրջանում:
Ինչպես հաղորդում է APA-ն, Գաջիևը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից:
"Ադրբեջանն առաջնորդություն է դրսեւորել այդ գործընթացում, եւ հակամարտությունն արդեն անցյալում է", - հայտարարել է նա, հավելելով, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, եւ անցյալ տարվա օգոստոսին ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ համապատասխան համաձայնագիր է նախաստորագրվել:
Կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրելով անգործության համար՝ Գաջիևը վստահեցրել է, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքի կարելի է հասնել միայն տեղական սուբյեկտայնության և առաջնորդության միջոցով:
Նա հավելել է, որ ներկայումս տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը թևակոխել է խաղաղության փուլ:



