
Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ, ռուսաստահայ գործարար Սամվել Կարապետյանի կողմնակիցների և ոստիկանների միջև բախումների հետևանքով 17 մարդ է ձերբակալվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունից:
"Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 17 մարդ է ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության համայնքային ստորաբաժանումներ", - հաղորդել են ՆԳՆ-ից:
Գործարարի աջակիցները հավաքվել են Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ, որտեղ ապրիլի 17-ին ընթանում է Սամվել Կարապետյանի գործով նիստը: Հաղորդվում է նաև, որ քաշքշոցի հետևանքով լրագրողներ են տուժել: Բախումների ֆոնին Սամվել Կարապետյանի կողմնակիցները հիշեցրել են, որ խաղաղ ակցիա են իրականացնում և հավաքվածներին կոչ են արել տեղի չտալ սադրանքների: Նրանք վանկարկում են " Ազատություն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանին"։
Լրագրողների հետ զրույցում "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ կանխարգելիչ միջոցառումների վերացման դեպքում Սամվել Կարապետյանը վերջապես հնարավորություն կունենա անձամբ շփվել ՀՀ քաղաքացիների հետ: "Մենք արդեն հոգնել ենք, որ Հայաստանի իշխանությունները, ընդդիմության հասցեին տարբեր հայտարարություններ թույլ տալով, բացարձակապես ոչինչ չեն անում իրենց քաղաքացիների կյանքը բարելավելու համար։ Մինչդեռ, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, փաստաբաններին չեն թողնում իրենց պաշտպանյալների մոտ, փորձ է արվում խարանել քաղաքական ուժին", - ընդգծել է Կարապետյանը։ Արձագանքելով նաև այս օրերին իրենց քաղաքական ուժի կողմնակիցների ձերբակալություններին՝ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած ձայնագրությունները մոնտաժված են և իրականության հետ որևէ աղերս չունեն: "Հայաստանի ժողովուրդն ուղղակի պետք է հասկանա, որ սա մեր ձեռագիրը չէ, մենք ուզում ենք Հայաստանն ազատել դրանից", - հայտարարել է կուսակցության խորհրդի անդամը: Նշենք, որ նիստի ընթացքում առաջնահերթ կարգով քննարկվելու է գործարարի նկատմամբ խափանման միջոցի հարցը:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին առաջին դատական նիստի ժամանակ դատախազը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել Կարապետյանի տնային կալանքը: Պաշտպանական կողմը պահանջել է չեղարկել իրենց պաշտպանյալի նկատմամբ բոլոր սահմանափակող միջոցները։ Սամվել Կարապետյանի գործը քննում է դատավոր Վահե Դոլմազյանը, ով հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով: Կարապետյանի գործով դատական նիստը չի հեռարձակվի ուղիղ եթերով կամ տեսաձայնագրվի: Նման որոշում է կայացրել դատավորը ՝ Կարապետյանի պաշտպանների միջնորդության հիման վրա։
Հավելենք, որ մարտի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղսագրվում են նաեւ իշխանությունը զավթելու կոչեր։ Գործարարը ձերբակալվել էր 2025թ․ հունիսին՝ Հայոց եկեղեցուն աջակցության հայտարարություններից հետո: Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: