
Մենք ափսոսանքով ընդունեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի որոշումը, ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության՝ ԱրմԻնֆո ստացված հայտարարության մեջ:
ՙՆա անխոնջ ու արդյունավետ առաջամարտիկ էր պաշտպանությունից զուրկ մարդկանց համար. այն մարդկանց համար, ովքեր վախենում էին, որ իրենց ձայները կլռեցվեն, եթե իրենք հնչեցնեն անհաճո ուղերձներ, և ցանկացած ՀՀ քաղաքացու համար, ով պայքարում էր, որպեսզի իր իրավունքները հարգվեն: Մենք ամենայն հաջողություն ենք մաղթում նրան իր հետագա ձեռնարկներում: Նա կմնա որպես ԱՄՆ դեսպանության ու ԱՄՆ կառավարության բարեկամ և գործընկեր:
Պ-ն Անդրեասյանի աշխատանքը կառուցված էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմի արհեստավարժության ու նվիրումի շուրջ: Պ-ն Անդրեասյանի թողած ժառանգություններից մեկը, որը դեռ երկար կպահպանվի, անկասկած այս արժեքավոր կառույցի աշխատողների քանակական ու որակական կազմի բարելավումն էր, և մենք լիահույս ենք, որ այս կառույցը մարդու իրավունքների հաջորդ պաշտպանի ենթակայության ներքո կշարունակի լավագույնս ծառայել ի նպաստ Հայաստանի հասարակության շահերի: Մենք պատրաստ ենք շարունակել մեր սերտ համագործակցությունն ու գործընկերությունը ՄԻՊ գրասենյակի և վերջինիս անձնակազմի հետ՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Մենք պատրաստ ենք աշխատել մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ:
Միացյալ Նահանգները շարունակում է պատրաստակամություն հանդես բերել աշխատելու ՀՀ կառավարության և մեր հայ գործընկերների հետ՝ առաջ մղելու ժողովրդավարական զարգացումներն ու մարդու իրավունքները: Մեր անմիջական նպատակը եղել և մնում է ժողովրդավար ու բարեկեցիկ Հայաստանը, որն անվտանգ է և խաղաղ գոյակցում է իր հարևանների հետ՚,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ այդպես էլ պարզորոշ չբացատրելով իր որոշման պատճառները: Նա միայն Facebook-ի իր էջում գրել է. ՙԵթե 2016 թվականին էլ հենց ես մնայի Օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ՚:
Մինչդեռ ԶԼՄ-ներում սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ հրաժարականի պատճառն Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջև կոնֆլիկտն է: