
Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել Բաքվում պահվող հայ գերիների դատավճիռները։
Ինչպես հաղորդում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի մամուլի ծառայությունը, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խնդրելով վերացնել միջանկյալ միջոցը, որով Ադրբեջանը պարտավորվում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին։ Ադրբեջանը հավաստիացնում է, որ բոլոր գործընթացներն ընթանում են թափանցիկ և հրապարակային։
«ՄԻԵԴ-ը 2026 թ․ ապրիլի 9-ին մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ Ադրբեջանի կառավարությանը կրկին պարտավորեցնելով շարունակել տրամադրել տեղեկություններ կալանավորվածների պահման պայմանների, ինչպես նաև նրանց վերջին բժշկական քարտերի ու իրականացված բժշկական հետազոտությունների և բուժման վերաբերյալ այլ փաստաթղթերի մասին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է նաև ներկայացնել հայ գերիների դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում կայացված դատավճիռների պատճենները կամ այդ դատավճիռների ամփոփագրերը, որոնք պետք է ներառեն դատավճիռ կայացրած դատավորների հիմնավորումները՝ գործում առկա ապացույցների վրա հիմնված։ Զեկույցի ներկայացման հաջորդ վերջնաժամկետը 2026 թ․ օգոստոսի 31-ն է», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։