


Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության ընտրացուցակի առաջին համարը 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժի հաղթանակի դեպքում կդառնա միջանկյալ առաջնորդ, որը պետք է ապահովի կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի իշխանության գալը: Այդ մասին "Կենտրոն" հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը, պարզաբանելով, թե ինչու է կուսակցության ընտրացուցակում ինքն առաջինը, եթե քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է:
"Մեր կուսակցության ընտրցուցակի առաջին համարը միջանկյալ դեր է ունենալու։ Նա պետք է փոփոխություններ նախաձեռնի Հայաստանի սահմանադրությունում, մասնավորապես՝ 148 - րդ հոդվածում, որը վերաբերում է կառավարության ներկայացուցիչներին ներկայացվող պահանջներին և սահմանում է, թե ով կարող է լինել մեր երկրի վարչապետ։ Դա, իր հերթին, կապահովի Սամվել Կարապետյանի նշանակումը Հայաստանի վարչապետ", - պարզաբանել է կուսակցության խորհրդի անդամը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 13-ին փաստաբան, կուսակցության անդամ Արամ Վարդևանյանը, արձագանքելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Հայաստանի սահմանադրությամբ Կարապետյանը չի կարող վարչապետ լինել, քանի որ բացի Հայաստանից ունի նաև Ռուսաստանի քաղաքացիություն, նշել էր, որ նրա թեկնածության ճանապարհն անցնում է ՀՀ սահմանադրության փոփոխություններով։ Մասնավորապես, ինչպես պարզաբանել էր Վարդեւանյանը, 148-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու միջոցով, որը վերաբերում է կառավարության ներկայացուցիչներին ներկայացվող պահանջներին եւ որոշում է, թե ով կարող է լինել մեր երկրի վարչապետ:
Հավելենք, որ ապրիլի 15-ին Սամվել Կարապետյանը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում կայացած դատական նիստի ժամանակ հաղորդել էր, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց:



