
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում հյուրընկալվել են Շիրակի մարզի սահմանամերձ Բագրավան գյուղում բնակվող Հովհաննիսյաններին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունից, Հովհաննիսյանները Բագրավան են տեղափոխվել քառասուն տարի առաջ՝ սահմանամերձ Խարկով գյուղից: Գնել են կոմունալ տարրական հարմարություններ չունեցող երեքսենյականոց տուն՝ փորձելով վերանորոգել այն: Աճող ընտանիքի հոգսը, սակայն, այդ հնարավորությունը չի տվել: 23 տարի առաջ նրանց հաջողվել է միայն փոխել տանիքը, որն էլ ժամանակի ընթացքում նորից քայքայվել է: Տասն անձից բաղկացած Հովհաննիսյանների համար նոր հնարավորություների ժամանակ է սկսվել:
«Այս ծրագիրն իսկական փրկություն էր մեր ընտանիքի համար: Տանը նույնիսկ ննջասենյակներ չկային, էլ չեմ ասում խոհանոցի ու սանհանգույցի մասին: Այժմ բոլորովին այլ է. ունենք բարեկարգված տուն, տղաներս երկուսն էլ ամուսնացել են, իրենց ընտանիքներն ունեն: Բոլորիս երազանքն իրականություն է դարձել»,-ասել է Հովհաննիսյանների ընտանիքի հայրը՝ Գրիգորը:
«Այս և մյուս համայնքներում աշխատանքներն իրականացվել են սիրով և կարևոր առաքելությամբ: Նման ծրագրերով մենք ձգտում ենք մեր հայրենակիցներին հորդորել, որ խնդիրները լուծելու համար ազատվեն հուսահատության գերությունից: Եվ որքան վճռական ու հաստատակամ լինեն`այնքան արագ կհասնեն արդյունքի: Բոլոր նրանք, ովքեր մասնակցել են շինարարությանը, յուրաքանչյուր քարի հետ՝ տան պատերում ամրացրել են ապագայի հանդեպ լավատեսությունն ու հավատը: Տարիներն իրենց հետ կտանեն և ՛ֆիզիկական աշխատանքի ծանրաբեռնվածությունը, և՛ դժվար անցյալի հիշողությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ընտանիքին տրված մի փոքր հնարավորությունն անգամ բացահայտում է թաքնված ներուժը: Այս ընտանիքի տղաները տունն ամբողջությամբ իրենք են նորոգել, ձևափոխել, շինարարական լուծումներ գտել: Համոզված եմ, որ այս ընտանիքի համար դա նվաճումների սկիզբն է միայն»,- ասել է «Ֆուլեր Տնաշինական Կենտրոն»-ի նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ 2015թ.-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնն» իրականացրել է այն: Արդյունքից օգտվել է 93 ընտանիք:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է 450-ից ավելի ընտանիքների: