
Արմինֆո.Տարածաշրջանային առաջնորդները քաջ գիտակցում են, որ ԱՄՆ-ի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ թուլացել է, և պետք է սեփական շահերից բխող սեփական կառուցվածքներ ստեղծել։ Մոսկվա-Երևան տեսակամրջի ժամանակ նման կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը՝ խոսելով այն մասին, թե ինչ է սպասվում Հարավային Կովկասի տարածաշրջանին Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին։
Փորձագետի խոսքով՝ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դեռ երկար ժամանակ կարձագանքեն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Եվրոպայում և, մասնավորապես, Հարավային Կովկասում։ Այս կապակցությամբ նա ուշադրություն է հրավիրել դիվանագիտական այն եռուզեռի վրա, որը վերջին շրջանում նկատվում էր տարածաշրջանում և որում ներգրավված էր նաև Ղազախստանը։
«Դա և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցն է Վրաստան, նրա հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի հետ, և՛ ապա Ղազախստանի արտաքին գործերի ու տրանսպորտի նախարարների այցը Բաքու, Թբիլիսի, Երևան։ Այսինքն, ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային էլիտաները և առաջնորդները, մասնավորապես Ալիևը, ով փորձում է իրեն ներկայացնել որպես թիվ մեկ քաղաքական գործիչ, քաջ գիտակցում են, որ ամերիկացիների ուշադրությունը տարածաշրջանի նկատմամբ թուլացել է, ինչի հետ կապված պետք է սեփական շահերից բխող սեփական կառուցվածքներ ստեղծել։ Ադրբեջանի համար դա իրեն որպես Կենտրոնական Ասիան Կասպից ծովով դեպի Կովկաս, Թուրքիա և Եվրոպա կապող օղակ դիրքավորելն է», - պարզաբանել է փորձագետը։
Միևնույն ժամանակ, Արեշևը ուշադրություն է հրավիրել այն հարցին, թե որքան հեռու կգնա Ադրբեջանը և որքանով կբավականացնեն նրա ուժերն ու ռեսուրսները, օրինակ՝ նույն Ղազախստանին կամ հնարավոր այլ երկրների ներգրավելու համար։ «Մենք հասկանում ենք, որ ոչ միայն ԱՄՆ-ն է վերակողմնորոշվել դեպի Իրան և այլ խնդիրներ, այլև Ռուսաստանն է ներգրավված ձգձգվող հակամարտության մեջ, ինչը նույնպես թուլացնում է նրա ուշադրությունը Կովկասում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ։ Այս առումով սեփական տարածաշրջանային բլոկ կազմակերպելու փորձերը բնական են, բայց վստահ չեմ, որ դրանք կհանգեցնեն որևէ ակնհայտ արդյունքի։ Եվ այս լարվածությունը, անորոշությունը, որը հղի է զինված հակամարտություններով, ըստ իս, կպահպանվի առնվազն մի քանի ամիս, գուցե նույնիսկ կես տարի հեռանկարում», - ամփոփել է փորձագետը։