


Արմինֆո. Ապրիլի 15-ին Երեւանում մեկնարկել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության նախագահ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը:
Դատարանի շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են բերվել։ Սամվել Կարապետյանի աջակիցները ևս հավաքվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ: Այսօրվա նիստում Կարապետյանի պաշտպանական կողմն առաջնահերթ կարգով միջնորդելու է քննարկել խափանման միջոցը փոխելու հարցը:
Սամվել Կարապետյանի գործը քննում է դատավոր Վահե Դոլմազյանը, ով հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով: Կարապետյանի գործով դատական նիստը չի հեռարձակվի ուղիղ եթերով կամ տեսաձայնագրվի: Նման որոշում է կայացրել դատավորը՝ Կարապետյանի փաստաբանների միջնորդության հիման վրա։ Հիշեցնենք, որ մարտի 27-ին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ավարտվել է գործարարի նկատմամբ հարկերից խուսափելու, փողերի լվացման, առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղսագրում են նաեւ իշխանությունը զավթելու կոչերը ։ Գործարարը ձերբակալվել է 2025թ․ հունիսին՝ Հայոց եկեղեցու պաշտպանության հայտարարություններից հետո: Նախորդ տարվա դեկտեմբերին Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:



