


Արմինֆո.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի և հմտությունների զարգացման հարցերը, ինչպես նաև վերապատրաստման և զբաղվածության խթանման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատատեղերի թվի աճն իսկապես տպավորիչ է:
Զրուցակիցները կարևորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իրանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել անհրաժեշտ ջանքեր համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար:
Նախարար Թորոսյանն ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:
Նա ցավակցություն է հայտնել Իրանի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների կապակցությամբ։ Նախարարը նշել է, որ Հայաստանը խորապես մտահոգված է տարածաշրջանում տիրող իրավիճակով՝ շեշտելով, որ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար։ Իր հերթին դեսպան Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին ստեղծված իրավիճակում ցուցաբերած աջակցության համար»:



