


Արմինֆո.Դատարան կներկայացվի միջնորդություն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Գումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու վերաբերյալ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ 2026 թվականի փետրվարի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններ նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո, բարեգործական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, 2026 թվականի մարտին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից՝ մեկ այլ անձի օժանդակությամբ, բարեգործության անվան տակ Հայաստանի տարբեր մարզերում բնակվող ընտրողներին փոխանցվել են դրամական միջոցներ, ինչպես նաև խոստացվել է արտոնյալ պայմաններով ծառայությունների մատուցում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձի ներկայացվել է հանրային քրեական մեղադրանք, նրանք ձերբակալված են։
Իրավիճակի հետ կապված՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ իրականացնում են փոքրիկ խորհրդանշական ակցիա՝ ի պաշտպանություն ձերբակալված Գոհար Գումաշյանի։
Կոմիտեի շենքի մոտ տեղադրվել են կաթով լի մանկական շշեր։ Դա պայմանավորված է նրանով, որ Գոհար Գումաշյանն ունի երկու ամսականից փոքր երեխա, ով գտնվում է կրծքով կերակրման փուլում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարը կրկին հայտարարել է, որ կուսակցության անդամ կանանց ձերբակալությունը իրենք գնահատում են որպես գործող իշխանությունների թուլության հերթական դրսևորում և ճնշում գործադրելու փորձ։
Նա նաև հիշեցրել է, որ վաղը՝ ժամը 12:00-ին, Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գործով նիստը»։



