
Արմինֆո.«Հայաստանում մամուլում տեղեկատվության տեղադրման միջոցով ծանուցման մեխանիզմն ամբողջությամբ կփոխարինվի էլեկտրոնային համակարգով։ ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» օրենքում և հարակից օրենքների փաթեթում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի խոսքով՝ ներկայումս հանրապետությունում գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տարբեր տեղեկությունների պարտադիր հրապարակում։ Օրինակ՝ խոսքը վերաբերում է սնանկության դեպքերի, մրցույթների անցկացման, գերակա հանրային շահ ճանաչելու, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, բանկերի և ապահովագրական ընկերությունների գործունեության վերաբերյալ մամուլով իրականացվող ծանուցումներին և այլն:
Նշված պահանջը, ինչպես ընդգծել է նախարարը, արդիական էր նախկինում, երբ տպագիր մամուլը հանրությանն իրազեկելու հիմնական միջոցն էր, և նման նորմերն ուղղված էին մարդկանց լայն շրջանակի համար տեղեկատվության հասանելիության ապահովմանը։ Սակայն վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքաձև զարգացումը, թվային հարթակների հասանելիությունը և դրանց միջոցով տեղեկատվության տարածման մասշտաբները փաստում են տպագիր մամուլում տեղեկատվության հրապարակման հնացած լինելը, որը կորցրել է տարածման նախկին բնույթն ու իր դերը։ Բացի այդ, տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին թանկ է դարձել։ Այս ամենը հանգեցնում է մարդկանց լայն շրջանակի համար տեղեկատվության փաստացի հասանելիության սահմանափակմանը և հավելյալ ծախսերի։ Հետևաբար, տպագիր մամուլում հրապարակումներն այժմ չեն կարող համարվել տեղեկատվության տարածման արդյունավետ կամ հասանելի ձև։ Բացի այդ, փաստաթղթի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված այն դեպքերում, երբ հրապարակային ծանուցումը նախատեսված է մամուլում տեղեկատվության հրապարակման միջոցով, հրապարակային ծանուցումը պետք է տեղադրվի նաև Հայաստանի Հանրապետության պաշտոնական ծանուցումների azdarar.am կայքում։ Այսինքն՝ հրապարակային ծանուցման երկու դեպքի ժամանակ էլ azdarar.am պաշտոնական կայքում տեղեկատվության հրապարակումը դառնում է պարտադիր։ Այժմ տպագիր մամուլում հրապարակային ծանուցում այլևս չի պահանջվի։ Բանկերն ու վարկային կազմակերպություններն իրենց հաշվետվությունները կարող են տեղադրել նաև իրենց կայքերում։
Նախարարը նաև հայտնել է մեկ այլ էլեկտրոնային հարթակի՝ Hartak.am-ի շուտափույթ գործարկման մասին, որտեղ կներկայացվեն բոլոր ծանուցումները, այդ թվում՝ դատաիրավական համակարգի, ինչպես նաև երկրի քաղաքացիների վերաբերյալ։ Այս համակարգ մուտքը գործելու է բացառապես նույնականացման մեթոդով։ Կան բոլոր նախադրյալները, որ արդեն հաջորդ ամսվանից այս հարթակը կգործարկվի, սակայն վերջնականապես հասանելի կդառնա երեք ամսվա ընթացքում, երբ կընդունվեն ենթաօրենսդրական ակտերը։ Գալյանը տեղեկացրել է նաև, որ փաթեթից հանվել է Ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը։»