
Հայոց պետականությունը, Հայաստանն ու Արցախը հաջողությամբ էին դիմակայում ներքին և արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին այն պայմաններում, երբ 1 բարել նավթն արժեր ավելի քան 100 դոլար: Այժմ հարկավոր է դիմակայել մի իրավիճակում երբ 1 բարել նավթի գինը 30 դոլարից պակաս է, ինչը, որքան էլ տարօրինակ հնչի, կարող է ոչ պակաս բարդ խնդիր լինել: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ, տ.գ.թ. Հրաչյա Արզումանյանը:
Հունվարի 16-ին ԱՄՆ և ԵՄ, հիմք ընդունելով ԱԷՄԳ զեկույցը, վերացրեցին 2005 թվականին Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչը, ի թիվս այլ հնարավորությունների, ԻԻՀ-ին թույլ կտա նաև ապասառեցնել իր բանկային հաշիվները և վերադառնալ միջազգային նավթային շուկաներ: Դրա հետևանքը դարձավ հունվարի 18-ին «Բրենթ» ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքի անկումը մինչև 27,86 դոլար 1 բարելի դիմաց, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին 13 տարվա ընթացքում: Թեհրանն արդեն հաստատել է մի քանի շաբաթվա ընթացքում նավթի մատակարարումներն օրական մինչև 500 հազար բարել ավելացնելու պատրաստակամությունը, իսկ 2016 թվականի ընթացքում մտադիր է հասցնել մինչև 1 մլն բարելի: Դա, անշուշտ, կանդրադառնա շուկայի վրա: Փորձագետները նշում են, որ նավթի բարձր գների դարաշրջանը բավականին երկար ժամանակով մնաց անցյալում, և իրավիճակը կարող է փոխվել միայն մեծ տարածաշրջանային պատերազմի արդյունքում:
«Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է խնդրի ոչ տնտեսական մասին: Հիմնական սպառնալիքները հարկավոր է դիտարկել տարածաշրջանում իրավիճակի որակական փոփոխություններին հայ իշխանական վերնախավի անպատրաստության համատեքստում, որը սովոր է ապրել բարձր գների ճնշման ներքո և կոշտ մեկուսացման պայմաններում», - նշել է նա:
Փորձագետի գնահատմամբ, նավթի գների անկումը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և հաղորդակցության ու տնտեսական շրջափակումից Հայաստանի դուրս գալու նոր հնարավորությունների ի հայտ գալը կարող են հարուցել հայոց պետականության յուրօրինակ «կեսոնային հիվանդության»: Իրավիճակը բարդանում է Հայաստանում ստեղծված կառավարման օլիգարխիական համակարգով, որը հակված է լճացման: Տարածաշրջանում որակական փոփոխություններին հարմարվել կարողանալու համար հայոց պետականությունը պարտավոր է լինել ստեղծարար, սրընթաց և կամային: Սակայն Հայաստանի իշխանությունը կորցրել է այդ որակները, որոնք նրան բնորոշ էին Արցախյան պատերազմի շրջանում:
Արզումանյանը կարծում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կենտրոնանա ոչ թե ԵԽԽՎ-ում և համանման միջազգային հարթակներում լացակումած հակահայկական բանաձևերին դիմակայելու, այլ տարածաշրջանում մեծ աշխատանքի վրա: Հայաստանը պետք է լուրջ ջանքեր գործադրի ապակառուցողական գործընթացներից և ուրիշների պատերազմներից առավելագույնս հեռու մնալու համար:
Մասնավորապես, նա կարևոր է համարում թույլ չտալ մեզ ներքաշել Թուրքիայի հետ Ռուսաստանի ներկայիս իշխանության համար անսպասելի սակայն օբյեկտիվ դիմակայության մեջ: «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մնում է անկանխատեսելի: Չեմ զարմանա, եթե որոշ ժամանակ անց մենք ականատես լինենք նաև անսպասելիորեն բռնկված ռուս-թուրքական բարեկամության և «մինչ գերեզման սիրո» Հարցն այն է, թե ում գերեզմանը կլինի դա: Մեր խնդին է, որ դա չլինի հայկական», - նշել է փորձագետը:
Հայաստանը նաև պետք է լուրջ ջանքեր գործադրի, որպեսզի թույլ չտա իրեն ներքաշել Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ: Ադրբեջանում սրընթաց վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակը կհանգեցնի Ալիևի կլանի կողմից ներքին լարվածությունն արտաքին սպառնալիքներին վերաուղղորդելու գայթակղության:
«Դրա հետևանքը կարող է դառնալ ռազմական լարվածության աճը հայ-ադրբեջանական սահմանին` այն ռազմավարության և մարտավարության շրջանակում, որն Ադրբեջանը հաջողությամբ կիրառեց 2015 թվականին: Հայոց պետականությունը պետք է պատրաստ լինի նման սցենարի և գոնե 2016 թվականին որդեգրի ոչ թե ագրեսորին զսպելու հակազդական, պասիվ ռազմավարության, այլ` ակտիվ և հակառակորդին խաղաղություն պարտադրող ռազմավարության», - հայտարարել է «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը: