
Արմինֆո.ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ տեղի է ունեցել արցախցիների բողոքի ակցիա, որոնք ահազանգում են երկրում իրենց նկատմամբ ատելության հրահրման հերթական դեպքերի մասին:
Լրագրողների հետ զրույցում "Վերածնվող Արցախ" շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը պատմել է, որ իրենք եկել են Արցախի բնակչության նկատմամբ ատելության հրահրման նոր դեպքի մասին հայտարարություն ներկայացնելու Գլխավոր դատախազություն: Մասնավորապես, նրա ասելով, ավելի վաղ սոցիալական ցանցերում վիրավորական գրառում էր տարածվել արցախցի մայրերի և կանանց վերաբերյալ: Իսրայելյանը չի պատմել, թե հատկապես ով է տարածել այդ գրառումը, սակայն համոզմունք է հայտնել, որ նման դեպքերը պատահական չեն և միտված են հասարակության պառակտումը խորացնելուն:
"Այս իրավիճակը նոր չէ, այն տեղի է ունենում բավականին երկար ժամանակ։ Մենք չենք կարող հստակ ասել, թե որ ուժերի կամ կոնկրետ ներկայացուցիչների կողմից է այս ամենն ուղղորդվում, բայց մենք համոզված ենք, որ եթե նման դեպքերը մնան առանց ՀՀ իշխանությունների պատշաճ ուշադրության, ուրեմն ինչ-որ մեկն այս ամենի հետևում կանգնած է։ Չենք բացառում, որ արցախցիների նկատմամբ ատելության հրահրումն իրականացվում է պետական մակարդակով։ Հայաստանի իշխանությունների անգործությունը խոսում է այդ գործողություններում սեփական ձեռագրի առկայության մասին", - վստահ է Իսրայելյանը։
Ակցիայի ընթացքում Անաստաս Իսրայելյանը Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի հետ համատեղ հայտարարություն են փոխանցել ՝ պահանջելով ՀՀ գլխավոր դատախազին ուշադրություն դարձնել այս դեպքին և ինչ-որ քայլեր ձեռնարկել ու պատժել պատասխանատուներին: "Արցախցիներն այսօր խոցելի վիճակում են, քանի որ դեռևս չեն կարողանում համակերպվել իրենց հետ կատարվածին, մինչդեռ, նրանց ցավը կրկնապատկվում է նման իրավիճակների հաշվին։ Բայց դա նույնիսկ զարմանալի չէ, հաշվի առնելով, որ անուշադրության են մատնվում անգամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ատելության հրահրման դեպքերը ։ Հենց այդ պատճառով այսօր մենք բախվում ենք նման իրավիճակի ։ Բայց մենք հետևողական ենք լինելու մեր գործողություններում և շարունակելու ենք հետամուտ լինել նման դեպքերի համար պատասխանատվության կանչմանը", - նշել է "Վերածնվող Արցախ" շարժման հիմնադիրը։
Բեգլարյանն, իր հերթին, հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի միջև Երևանի մետրոյում տեղի ունեցած միջադեպի մասին: Նրա խոսքով ՝ հենց իրավապահ մարմինների կողմից նման իրավիճակներին պատշաճ արձագանքի բացակայությունն է հանգեցնում արցախցիների նկատմամբ ատելության հրահրման դեպքերի տարածմանը:
Նկատենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին վերջին շրջանում հաճախակի են դարձել արցախցիների դեմ հարձակումները։ Ընդ որում, արցախաֆոբիան մեծամասամբ հրահրվում է իշխող ուժի կամ նրանց ենթակա լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից ։