


Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) հանդես է եկել հայտարարությամբ, որում քննադատության է ենթարկել ՀՀ իշխանությունների` սահմանադրական հանրաքվեի անցկացման ռազմավարությունն արդի աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին, որոնք անմիջականորեն առնչվում են Հայաստանին:
ASALA-ն կարծում է, որ Հայաստանի իշխանությունները կանխամտածված սահմանադրական հանրաքվե են անցկացրել գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում` հայ հասարակության ուշադրությունն առավել արդիական հարցերից և դրանց նկատմամբ սեփական դիրքորոշում հայտնելու անհրաժեշտությունից շեղելու նպատակով:
Ընդ որում ASALA-ն կարծում է, որ հայկական գործոնը չի կարող բացակայել գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում: «Մենք պէտք է վերյիշենք, որ հայութեան գրեթէ բոլոր պարտութեանց պատճառը ոչ թէ թշնամիին զօրութիւնը, այլ՝ ներքին անհեռատեսութիւնն ու անմիաբանութիւնը եղած է», - ասվում է հայտարարությունում:
Այնուհետև ASALA-ն հիշեցնում է, որ շատ երկար ճանապարհ է անցել շատ կարճ ժամանակահատվածում, և կազմակերպության հիմնադրման 41-րդ տարում մտադիր է զորակցել հաջողությունների և նվաճումների ձեռք բերմանը Հայրենիքում:


