


Արմինֆո. ՄԱԿ-ի զինաթափման հանձնաժողովի հիմնական նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունները և ընդգծել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի շուտափույթ ուժի մեջ մտնելու կարևորությունը։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության մամուլի ծառայությունիը
«Պատվիրակությունը նաև ընդգծեց, որ միջազգային հումանիտար իրավունքը լիովին և առանց բացառության տարածվում է բոլոր զինատեսակների, այդ թվում՝ արհեստական բանականությամբ գործող և ինքնավար գործառույթներ իրականացնող համակարգերի վրա։ Հայաստանը ընդգծեց նաև ռազմական ոլորտում արհեստական բանականության համակարգերի մշակման, տեղակայման և կիրառման գործում մարդկային ներգրավվածության ապահովման կարևորությունը», - ասվում է Հայաստանի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունում։



