


Արմինֆո. Պաշտոնանկ արված եպիսկոպոս Արման Սարոյանը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ բարոյական տեսանկյունից: Այս մասին ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատան հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետի 2026 թվականի մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) նշանակվել է ներման հարցերի քննարկման հանձնաժողովի անդամ՝ որպես ՀԱԵ ներկայացուցիչ:
«Առանց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու համաձայնության կատարված այս նշանակումն անընդունելի է ու ապօրինի և խախտում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Պետական կամ որևէ այլ կառույցում ՀԱԵ ներկայացուցիչ կարող է նշանակվել միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Իսկ կարգալույծ հռչակված Գևորգ եպիսկոպոսը լիազորված չէ և չի կարող ներկայացնել Հայ Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ բարոյական տեսանկյունից: Այս քայլը հերթական ոտնձգությունն է Հայ Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական լիազորությունների դեմ: Անհրաժեշտ է վերոհիշյալ կեղծ տեղեկատվությունը հեռացնել պաշտոնական փաստաթղթից և ՀՀ վարչապետի որոշումից»,- ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հունվարի 10-ի տնօրինությամբ Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս) ազատվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Հունվարի 27-ին՝ այդ որոշումը դատական կարգով վիճարկելու և տնօրինությանը չենթարկվելու համար, նա կարգալույծ էր արվել: Դրանից հետո թեմի առաջնորդ էր նշանակվել Ռուբեն Զարգարյանը: Ավելի ուշ դատարանը պարտավորեցրել էր Սարոյանին վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում:



