


Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
"Իմ սրտանց շնորհավորանքը Պետեր Մադյարին և հունգարացի ժողովրդին Հունգարիայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգարացի ժողովրդի կամքը և ապագայի նրա տեսլականը", - գրել է ՀՀ կառավարության ղեկավարը X-ի իր էջում:
Նշենք, որ ապրիլի 12-ին Հունգարիայում կայացած ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի "Տիսա" կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր "Ֆիդես" կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը ՝ գտնվելով ընդդիմության մեջ:
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներով ։ Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսի մշակումից հետո "Տիսա" կուսակցությունը ստանում է 199 մանդատից 138-ը, ինչը նշանակում է, որ խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, կունենա սահմանադրական մեծամասնություն: Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարող "Ֆիդես" կուսակցությանը բաժին է հասնում 55 մանդատ: Եվս վեցն ունի ծայրահեղ աջակողմյան "Մեր հայրենիք" (Mi Hazank)կուսակցությունը։ Խորհրդարան անցնելու համար Հունգարիայում կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը ։ Ըստ հունգարական օրենքների՝ ձայները պետք է վերջնականապես հաշվեն ապրիլի 18-ից ոչ ուշ։
Չսպասելով ձայների վերջնական հաշվարկին ՝ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ: Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները հասկանալի են, դրանք անվանելով ցավոտ, և հավելել, որ "Ֆիդեսը" կծառայի Հունգարիային՝ որպես ընդդիմություն:



