


Հնարավորություն չունենալով խոչընդոտել իրանական էներգակիրների Եվրոպա արտահանմանը՝ Ռուսաստանն ստիպված կլինի մասնակցել այդ նախագծին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը:
ՙԱյսպես թե այնպես, Հայաստանի տարածքով կամ ոչ, իրանական էներգառեսուրսները և, առաջին հերթին, գազը Եվրոպա կհասնեն: Եվ Մոսկվան, կարծում եմ, հնարավոր ամեն բան կանի՝ իրանական գազի Եվրոպա տեղափոխման նախագծին մասնակցելու նպատակով՚,- նշել է նա:
Այս առումով փորձագետը գտնում է, որ Հայաստանը, ունենալով ռազմավարական դաշնակցության հարաբերություններ Ռուսաստանի, դաշնակցային հարաբերություններ Իրանի և Վրաստանի հետ, հիանալի գործընկեր է համատարածաշրջանային նշանակության նոր տարանցիկ նախագծին մասնակցելու համար:
ՙԿարծում եմ, որ վաղուց ժամանակն է, որպեսզի Երևանը հնչեցնի իր ցանկությունները՝ բնականաբար առաջարկվող հնարավորությունների հետ միասին: Հարկավոր է հրաժարվել գաղութային հոգեբանությունից: Իսկ հաշվարկել պետք է ոչ միայն ռիսկերը, այլ նաև՝ հնարավորությունները՚,- հայտարարել է իրանագետը:



