
Արմինֆո. Ապրիլի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։
Արմեն Գրիգորյանը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ ապագա գործունեության ընթացքում։ ԱԽ քարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության իրականացրած աշխատանքի համար և ընդգծել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել արդյունավետ համագործակցությունը։
ՀՀ ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, Սատու Կոյվուն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր փորձն ու գիտելիքները ներդնելու է առաքելության գործունեության արդյունավետության առավել բարձրացման գործում։
Նշենք, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը 2025 թվականի հունվարի 10-ին առաջարկել էր ևս երկու տարով երկարաձգել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել էր ձևավորել Եվրամիության նոր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA) ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Հայտարարված առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը:
Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկվել է մինչև 100 մասնագետ: Առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսների համար հատկացվել էր ավելի քան 8 մլն եվրո ։ EUMA-ի նախնական մանդատը նախատեսված էր երկու տարվա համար, իսկ օպերատիվ շտաբը նշանակվել է Եղեգնաձորում:
Առաքելությունն սկսել է գործել 2023 թվականի փետրվարի 20-ին։ Նրա կազմում ընդգրկված են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից։ Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի արդյունքներով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր առաքելության թվաքանակը 209 մարդու հասցնելու մտադրության մասին։