Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին՝ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով:
Ինչպես հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը, շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը:
Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք արժեքների, հոգևոր ու քրիստոնեական մշակութային ժառանգության վրա հիմնված՝ Հայաստան - Սուրբ Աթոռ միջպետական հարաբերությունները և առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու ու զարգացնելու գործում: Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր վեհ ու մարդասիրական առաքելության մեջ:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Սրբություն, խորին հարգանքիս հավաստիքը»: