Արմինֆո. Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական TRT World հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
«Շատ բաներ արվել են, շատ բաներ քննարկվում են, եկել ենք համաձայնության որոշ հարցերի շուրջ, բայց դրանք դեռ չեն իրականացվել, օր.՝ սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող՝ ՀՀ ու Թուրքիայի քաղաքացիների համար։ Սա համաձայնեցվել է, բայց, ցավոք, դեռ կյանքի չի կոչվել։ Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա շուտով։ Կան նաև վստահության ձևավորման այլ միջոցներ, որոնց շուրջ մենք համաձայնության ենք եկել, օր.՝ Անիի պատմական կամրջի վերականգնումը։ Սա գործընթաց է, որի միջով մենք անցնում ենք, բայց նաև արդեն ժամանակն է տեղում տեսնել շոշափելի արդյունքներ», - ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է տեսնում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առեւտուրը, ԱԳ նախարարը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման և առևտրային կապերի զարգացման միջև կա ուղղակի հարաբերակցություն: «Կարելի է քննարկել, թե որը մյուսի վրա ավելի շատ կազդի, բայց ես հավատացած եմ, որ եթե մենք բացենք սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան։ Իմ տպավորությունն այն է, որ ունենք առաջնորդություն, քաղաքական կամք երկու կողմերից, և եթե մենք անենք վերջնական քայլերը, բացենք սահմանը, հաջորդիվ տնտեսական կապերը կզարգանան, կգտնեն իրենց ուղին», - նշել է Արարատ Միրզոյանը։