Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է նախկինում հայտարարված դիրքորոշմանը և հանձնառու է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի իրականացմանը։ Այս մասին մարտի 7-ին Երեւանում Կիպրոսի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հավելելով, որ իր գործընկերոջը տեղեկացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների մասին:
Այդ առնչությամբ հայ նախարարը մատնանշել է հարաբերությունների կարգավորման մի շարք առանցքային սկզբունքներ, որոնց թվում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և 1991թ.Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան սահմանների սահմանազատման անցկացումը:
Նա հիշեցրել է, որ երկու երկրները բարձր մակարդակով բազմիցս հաստատել են այդ հռչակագրի սկզբունքներին համապատասխան պայմանավորվածությունների իրականացման հանձնառությունը, այդ թվում ՝ Պրահայում, Սոչիում եւ Բրյուսելում: "Մենք կարծում ենք, որ այս սկզբունքի հիման վրա մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը արգասաբեր կլինի տարածաշրջանի երկրների համար ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական տեսանկյունից ։ Հենց դրանց հիման վրա էլ մենք ներկայացրել ենք "Խաղաղության խաչմերուկ" նախաձեռնությունը, ըստ որի, ապաշրջափակվելու են տարածաշրջանային բոլոր ենթակառուցվածքները։
Բնականաբար, երթուղիների ապաշրջափակման ժամանակ պետք է հարգվեն երկու երկրների ինքնիշխանությունը, իրավահավասարությունը և բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն երկուստեք", - ասել է Միրզոյանը, հավելելով, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվում են, և հենց որ նորություններ լինեն, դրանց մասին կտեղեկացվի։