Արմինֆո.Օբյեկտիվորեն, Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք չի նկատվում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ "Իզվեստիա"-ի հարցազրույցում:
Մասնավորապես, այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտավախություն ունի, որ ժամանակի ընթացքում Երևանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, հաշվի առնելով կազմակերպության հովանու ներքո անցկացվող միջոցառումների բոյկոտումը հայկական կողմից, Գալուզինը նշել է, որ Մոսկվայում ելնում են այն բանից, որ ՀԱՊԿ-ում գտնվելը և կազմակերպության շրջանակներում լիարժեք խորհրդակցություններին, քննարկումներին վերադառնալը բխում են, առաջին հերթին, Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից: "Առավել ևս, ՀԱՊԿ անդամ երկրները միշտ եղել և մնում են բաց՝ Երևանին աջակցություն ցուցաբերելու համար։ Ժամանակին Հայաստանին առաջարկվում էին և ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ, և պրոֆիլային անձնակազմի պատրաստման հետ կապված միջոցառումներ, և ՀԱՊԿ դիտորդական առաքելության ուղարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանամերձ շրջաններ ։ Բայց, ցավոք, այն փուլում այդ գաղափարներն ու առաջարկները հավանության չարժանացան և չիրագործվեցին", - հավելել է նա։
Ռուս դիվանագետի խոսքով՝ Մոսկվան ելնում է այն բանից, որ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշեն այն երկրները, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է: Այդ առումով նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիության պետությունները նման երկրների շարքին չեն դասվում։ "Համապատասխանաբար, մենք անարդյունավետ ենք համարում ոչ տարածաշրջանային ուժերի, "արևմտականների" ներքաշումը տարածաշրջան, ինչին, ցավոք, հակված է պաշտոնական Երևանը՝ վերջին շրջանում։ Մենք տեսնում ենք, որ ոչ մի երկրում և ոչ մի տարածաշրջանում, որտեղ ԱՄՆ-ը եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի նրա արբանյակները միջամտել են, կայունություն և հաստատուն խաղաղություն չի հաստատվել։ Եղել են միայն պետականության փլուզումներ, քաոս և ապակայունացում։ Օրինակներն ավելի քան բավականաչափ են. Բալկաններ, Իրաք, Լիբիա, Սիրիա, պաղեստինյան տարածքներ, որոնք օկուպացվել են Իսրայելի կողմից", - հայտարարել է Գալուզինը։
Ռուսաստանի փոխարտգործնախարարը հավելել է, որ Անդրկովկասում Արեւմուտքի շահերն առնչվում են ոչ թե այն բանին, որպեսզի օգնեն Հայաստանին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում եւ հասնեն կայուն խաղաղության ու կայունության, այլ՝ այն բանին, որպեսզի այդ գործընթացից դուրս մղեն Ռուսաստանին եւ նրա սահմանների անմիջական հարեւանությամբ լարվածության եւս մեկ օջախ ստեղծեն: "Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ որքան շուտ Երեւանում հաղթահարեն իրենց կասկածները ՀԱՊԿ-ի նկատմամբ եւ վերադառնան կառուցողական, արդյունավետ եւ բովանդակալից քննարկումների քաղաքական եւ փորձագիտական մակարդակներում, որոնք դրված են այդ կազմակերպության օրակարգում, այնքան լավ", - ամփոփել է ռուս դիվանագետը