Արմինֆո.Ադրբեջանի նախագահի պահանջն ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է"Համախմբում" շարժման խորհրդի անդամ, հասարակական գործիչ Մենուա Սողոմոնյանը:
«Իլհամ Ալիևը այսօր պաշտոնապես պահանջ է ներկայացրել, որ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի Անկախության հռչակագրից՝ դրանից առկախելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը՝ հայտնելով (ոչ բառացի), որ պետք է սահմանադրական հանրաքվեով նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։
Սա Բաքվի կողմից ուղղակի միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, Հայաստանի սուվերենության հատկանիշի բացահայտ ոտնահարում։ Հայ ժողովուրդը պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունն ու ազգային իրավունքները՝ առաջին հերթին տապալելով թշնամական օրակարգը, երկրորդ հերթին՝ այդ օրակարգն իրագործող օկուպացիոն վարչախմբին։
Հ.Գ. պատկերացնում եմ, թե ինչ աղմուկ կբարձրանար, եթե Ալիևի հայտարարությունը նույնությամբ արտաբերեր, օրինակ, Լավրովը», - նշել է Սողոմոնյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որպես Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախապայման, գործնականում, վերջնագիր էր ներկայացրել Հայաստանին՝ պահանջելով փոփոխություններ Հայաստանի սահմանադրության մեջ: Այդ պահանջին, գործնականում, համաձայն են նաև Հայաստանի իշխանությունները։ Փետրվարի 1-ին ՀՀ Հանրային ռադիոյի հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Երևանի պետական քաղաքականությունը հիմնված լինի Անկախության հռչակագրի, այդ թվում ՝ Արցախի հետ վերամիավորման վրա, խաղաղություն չի լինի:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը ՀՀ-ն ավելի կենսունակ կդարձնի աշխարհաքաղաքական նոր պայմաններում: Վարչապետի ընդդիմախոսները հայտարարել էին, որ նախաձեռնությունը բխում է Բաքվից, հիմնականում, նպատակ ունենալով ՀՀ սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումները, որտեղ հիշատակվում է Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը: Խնդրահարույց է համարվում նաև Անկախության հռչակագրի 11-րդ կետը, որտեղ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը