Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում հայկական կողմի հետ Ռուսաստանի փոխգործակցությունը կառուցվում է պրագմատիկ, փոխշահավետ հիմքի վրա։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե՝ արդյոք Մոսկվան մտավախություններ չունի ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության վերաբերյալ՝ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերություններում պարբերաբար առաջացող լարվածությունը։
"Տարեցտարի դիտվում են Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր։ Մենք տեսնում ենք, որ Երևանը զգալի շահաբաժիններ է ստանում միությանն անդամակցությունից, չնայած հանրապետության Ներկայացուցիչների որոշ ոչ միանշանակ հայտարարություններին, որոնց մասին դուք հիշատակեցիք։ Մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք կառուցում",-ասել է ռուս դիվանագետը։
Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից կանցնի Հայաստանին։ "Այդ երկրի վարչապետը, դեկտեմբերի 25-ին Պետերբուրգում ելույթ ունենալով Տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարել է, որ Երևանը նպատակադրված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում խնդիրների համակարգված կատարմանը։ Մենք աջակցում ենք մեր գործընկերների նման տրամադրվածությանը ՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա ամրապնդման և զարգացման համար", - ամփոփել է Զախարովան։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար – նոյեմբեր ամիսներին կազմել է տարեկան 9,4 տոկոս։ Այդ աճին մեծապես նպաստել է առևտրի հատվածը, որի աճը կազմել է տարեկան 24,3 տոկոս, ինչպես նաև՝ ծառայությունների ոլորտը՝ 11,1 տոկոս։ Ընդ որում, արդյունաբերական հատվածի աճը չնչին է եղել, ընդամենը, 2,1 տոկոս։