Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից արձագանքել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ժառանգության մասին ՀՀ վարչապետի հերթական հայտարարություններին:
«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք:
Որքան էլ վարչապետն իրեն պատռի պարտված պատերազմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնույն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն», - հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 19-ին ՀՀՀ հարցազրույցում հավաստիացրել էր, որ Մադրիդյան սկզբունքներից ի վեր բոլոր տարբերակները, որոնք սեղանին եղել են, դրանք ենթադրել են Լեռնային Ղարաբաղի հարցի չլուծում:
«Այսինքն՝ չի եղել մի թուղթ, որը ստորագրվելուց հետո համարվեր, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվել է: Ընդ որում՝ այդպիսի մի տարբերակ եղել է միայն 1999 թ.-ին, որը ստորագրելու պարագայում կարելի էր ասել, որ ԼՂ հարցը լուծվել է. դա Մեղրիի և Լեռնային Ղարաբաղի փոխանակման տարբերակն էր, որ դրանով կարելի էր համարել, որ հարցը փակվեց: Այսինքն՝ Մեղրիի շրջանը հանձնվում է Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղը միացվում է Հայաստանին: Դա միակ տարբերակն է եղել, որով կարելի էր արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծենք, մնացած որևէ տարբերակով ԼՂ հարցի լուծում չկար, չէր արձանագրվում հարցի լուծում», - ասել է Փաշինյանը:
Վարչապետի ընկալմամբ՝ դա, ինչ-որ առումով, նաև հատուկ էր արված, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցը, որպես մահակ միշտ հնարավոր լինի պահել Հայաստանի Հանրապետության գլխին, գուցե, նաև` Ադրբեջանի գլխին: