Արմինֆո. «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպությունը՝ Եվրասիա միջազգային համալսարանի հետ համատեղ դեկտեմբերի 19-ին տվյալ բուհում պաշտոնապես ազդարարեցին «Քաղաքացիական կրթության կենտրոն» նախաձեռնության (ՔԿԿ) մեկնարկը։
Ինչպես հաղորդում է ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, ՔԿԿ-ն ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա ծրագրի նյութական և մեթոդական օժանդակությամբ։ Նախաձեռնության նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր երիտասարդների քաղաքացիական գիտելիքների, սոցիալական և տեխնիկական կարողությունների զարգացման, ինչպես նաև հանրային որոշումներում նրանց իմաստալից և կայուն ներգրավման համար։
Միջոցառման բացմանը ելույթ են ունեցել «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը, ԵՄՀ-ի ռեկտոր Սուրեն Օհանյանը, Սուրեն Օհանյանը, ԵՄՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ Արմենուհի Պետրոսյանը։
ԵՄՀ-ի ռեկտոր Սուրեն Օհանյանը կարևորել է իրենց համալսարանի հարկի ներքո ստեղծված քաղաքացիական կրթական կենտրոնի արժեքներն ու գաղափարները, որոնք նպաստելու են քաղաքացիական հասարակության կերտմանը:
«Երիտասարդությունը քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է, և հենց այստեղ հավաքված երիտասարդները՝ մեր ուսանողները, պիտի կերտեն ժողովրդավար, կայացած ու կրթված քաղաքացիական հասարակություն: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, և շնորհակալ ենք կենտրոնի ղեկավար կազմին մեր բուհն ընտրելու, մեզ աջակցելու և ոչ ֆորմալ կրթական այս հարթակը գործարկելու համար», - նշել է Օհանյանը:
«Մեր հիմնական նպատակն է երիտասարդներին զինել կարևոր հմտություններով, գիտելիքներով, տեղեկատվությամբ, որպեսզի բարձրացնենք նրանց մասնակցությունը հանրային որոշումներին, և նրանք իսկապես իրացնեն իրենց ողջ ներուժը և համայնքում հանդես գան որպես կարևոր դերակատար» , - ասում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի հայկական մասնաճյուղի տնօրեն, ծրագրի ղեկավար Մարիամ Մարտիրոսյանը։
«Քաղաքացիական կրթության կենտրոնը» Ծրագրի կողմից կահավորվել և համալրվել է համակարգչային տեխնիկայով։ Առկա է նաև գրադարան, որը ներառում է մեծ պահանջարկ վայելող մասնագիտական և հանրամատչելի գրականություն։ Թե՛ համալսարանի ուսանողները և թե՛ համայնքի երիտասարդները կենտրոնի ռեսուրսներից կարող են անվճար օգտվել և մասնակցել տարատեսակ միջոցառումների, դասընթացների ու հանդիպում-քննարկումների երկուշաբթիից-շաբաթ, ժամը 14։00-ից 18։00-ի հատվածում։
Ըստ նրա, ամենակարևորը բովանդակությունն է։ «Նախատեսվում են կանոնավոր դասընթացներ, լինելու են բազմապիսի քննարկումներ, ֆիլմերի դիտումներ, հայտնի մարդկանց հետ հանդիպումներ, այսինքն փորձելու ենք՝ որքան հնարավոր է ազդել երիտասարդների մտածողություն վրա, ոգևորել նրանց, որ իրենք իրենց զգան որպես փոփոխությունների շատ կարևոր սկզբնաղբյուր»։
Իր հերթին՝ ԵՄՀ-ի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, սեփական փորձից օրինակ բերելով, փաստել է, թե որքան կարևոր նշանակություն ունեն նման կենտրոններն ակտիվ քաղհասարակություն ունենալու, մասնագիտական ուղի հարթելու հարցում: «Հույս ունեմ, որ մեր ուսանողներն ակտիվ կմասնակցեն գործարկված նախագծերում, կլինեն նախաձեռնող և ոչ ֆորմալ կրթական հարթակից կօգտվեն շատ հաճախ»:
Ծրագրի շրջանակում, նախորդ շաբաթվանից՝ դեկտեմբերի 12-ից, նմանատիպ կենտրոններ սկսել են գործել նաև Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանում և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանում, իսկ առաջիկա ամիսներին ևս երեք ՔԿԿ-ներ իրենց աշխատանքները կմեկնարկեն Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ինչպես նաև Վայոց Ձորում և Սյունիքում։ Այս կենտրոնների ձևաչափը և բովանդակությունը հիմնված են «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ»-ի կողմից Երևանի պետ․ համալսարանի Իջևանի մասնաճյուղում բուհի հետ սերտ գործընկերությամբ և ԱՄՆ կառավարության ֆինանսական աջակցությամբ 2020թ․ գործարկված և մինչ այժ հարյուրավոր երիտասարդների արդյունավետորեն ծառայած նմանատիպ նախագծի փորձի վրա։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։