Արմինֆո. Այսօր արգելում ենք Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը, իսկ վաղը լուծարում ենք Հայաստանը՝ "պատերազմ թույլ չտալու համար", հարցադրում է արել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե "Արցախի ոչ մի ինստիտուտ չի աշխատելու Հայաստանի Հանրապետությունում, քանի որ դա ազգային անվտանգության հարց է"։
"Նիկոլ Փաշինյանն Էդմոն Մակուրյանի շուրթերով Իլհամ Ալիևին հայտնում է, որ թույլ չի տա Հայաստանում Արցախի պետականության ինստիտուտների գործունեությունը։ Իշխանության "երկաթյա տրամաբանությունն" այնպիսին է, որ Հայաստանում արցախյան պետականության ինստիտուտների առկայության փաստը կարող է նոր պատերազմ հրահրել Ադրբեջանի հետ։ Մարուքյանն ու Փաշինյանը մեզ ասում են այն մասին, որ Հայաստանն՝ ինքը, չպետք է պատերազմի առիթ տա։
Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը "սադրանք" կարող է համարել, գործնականում, ամեն ինչ՝ բանակի բարեփոխումը, զենքի գնումը, երկրում աշխատող ԱԷԿ-ի առկայությունը, պատմության դասագրքերում "հին Ադրբեջանի" քարտեզների բացակայությունը, Ֆրանսիայի մասնակցությամբ բանակցությունների անցկացումը, երկրի բնակչության թիվը մինչև 5 միլիոն ավելացնելու ձգտումը, տնտեսական աճը և այլն", - համոզված է քաղաքագետը։
Մաթևոսյանը կարծում է, որ հանրային կարծիքը կրկին մանիպուլացվում է, քանի որ թե Փաշինյանը, թե Մարուքյանը շատ լավ գիտեն, որ Բաքվում Ադրբեջանի համար գլխավոր սպառնալիք են համարում ադրբեջանական պետության հարևանությամբ հայոց պետականության գոյության բուն փաստը:
"Ալիևը շատ լավ հասկանում է, որ առանց Երևանի ռազմական, քաղաքական և տնտեսական օգնության Արցախը չէր կարող 1994 թվականից գոյություն ունենալ և արդյունավետ պայքարել ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Հենց այդ պատճառով էլ Բաքվի վերջնական պահանջը, որի կատարումը "նոր պատերազմ թույլ չի տա", լինելու է փաստաթուղթ ստորագրելու պահանջը՝ Փաշինյանին, որը նման է լինելու սեպտեմբերի 28 - ին Սամվել Շահրամանյանի ստորագրածին. պետականության կազմալուծման մասին փաստաթուղթ։
Կցանկանայի նաև, գործնականում, բառացի կրկնել այն, ինչ հրապարակվել էր ալիքում դեռևս այս տարվա հուլիսին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան տիկին Նորա Արիսյանի հետ հանդիպումից հետո։ Հաշվի առնելով նաև ՍԱՀ-ի փորձը, ինչպես նաև 1915թ. փորձը, երբ ավարտին չհասցված ոճրագործությունը թույլ տվեց հայերին վերստեղծել պետականություն, ստեղծել նաեւ արցախյան պետականություն, Անկարան և Բաքուն այսօր ամեն ինչ անելու են հայկական պետության կազմալուծման գործընթացն ավարտին հասցնելու համար՝ իր իսկ ղեկավարության ձեռքով", - եզրափակել է քաղաքագետը։