Արմինֆո. Հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ Արևմուտքի բուռն ակտիվությունը սկսում է հիմնավոր մտավախություններ առաջացնել Հարավային Կովկասում նոր սրացման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ, ՌԴ ԱԳ նախկին փոխնախարար Գրիգորի Կարասինը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ "եվրոպացի քաղաքական գործիչները, առաջին հերթին, ֆրանսիացիներն ակտիվորեն քննարկում են կովկասյան սյուժեները՝ Վաշինգտոնի հետ": "Ամեն ինչ խառնվում է ուկրաինական սյուժեների հետ և բավականին տագնապալի մտքեր է առաջացնում։ Խոսակցություններ են գնում Լեռնային Ղարաբաղում միջազգային ինչ-որ անկախ առաքելության մասին։ Իսկ ահա այնտեղ ռուս խաղաղապահների ներկայությունը նրանց մոտ "անհանգստություն" է առաջացնում։ Թվում է՝ արեւմտյան կոլեկտիվը կրկին վտանգավոր վիրաժ է կատարում", - գրել Է Կարասինը իր տելեգրամյան ալիքում։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտում, մեկնաբանելով ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում՝ ողջ հայ բնակչության արտագաղթի ֆոնին, հայտարարել էին, որ նրանց նախկինի պես անհանգստացնում է ռուսական ներկայությունն այնտեղ: Ավելին, ԱՄՆ-ում շարունակում են պնդել Լեռնային Ղարաբաղ միջազգային առաքելություն մտցնելու անհրաժեշտության մասին ։
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին Երեւանում նշել է նաեւ ՀՀ-ում ԵՄ առաքելության մանդատի ուժեղացման եւ նրա ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը: Նա նաև Ռուսաստանին մեղադրել է անգործության համար՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ։